կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 19:24
Քաղաքական

Տարեկան շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ թուրքական արտադրանք է ներմուծվում Հայաստան

Տարեկան շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ թուրքական արտադրանք է ներմուծվում Հայաստան

Ֆրանսիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը (ՖՀԱԱՊ)-ը  մամլո հաղորդագրություն է տարածել՝ Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների վերաբերյալ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Տարեկան շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ թուրքական արտադրանք է ներմուծվում Հայաստան:

Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Arménie), Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատը (BCC) և Եվրոպական Առևտրաարդյունաբերական պալատը (EBA), սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկը` ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան: 

Այսօր այլևս անընդունելի է հաշտեցնել տնտեսական շահը ռազմաքաղաքական միջամտության հետ:

Մեր կառույցները ՀՀ Կառավարության ամբողջական տրամադրության տակ են ցանկացած աջակցության համար, որը կօգնի այս իրավիճակում և երկարատև հեռանկարում ամբողջովին ձերբազատվել թուրքական ապրանքի ներկրելու անհրաժեշտությունից և դրանք փոխարինել Ֆրանսիայից և Եվրոպական այլ երկրներից ներկրված ապրանքներով:

Հայկական շուկայում եղած Թուրքական արտադրանքի մեծ մասը ֆրանսիական և Եվրոպական հանրահայտ ապրանքանիշերի կեղծ տարբերակն է (contrefaçon): Ոչ մի ոլորտ դրանից զերծ չէ` հագուստի, կաշվե իրերի, օծանելիքի, խնամքի պարագաների և տնտեսական ապրանքների ընտրանին գնալով լայնանում է:

Մեր ֆրանսիացի, ֆրանկոֆոն և եվրոպացի բիզնես գործընկերները պատրաստ են ներդնել և համագործակցել` Հայաստան արտահանելով իրենց արտադրանքն ու փորձագիտությունը, նույն կամ ավելի ձեռընտու պայմաններով, քան թուրքականն է:

Այդ ապրանքների մուտքը Հայաստան ավելի դյուրին դարձնելու և դրանցով թուրքական արտադրանքը փոխարինելու նպատակով, մեր առևտրաարդյունաբերական պալատներն առաջարկում են մեր բարեկամ երկրներից ներմուծվող ապրանքների համար ապահովել մաքսատուրքերի իջեցում, իսկ Թուրքիայից ներկրվող ապրանքի մաքսատուրքի բարձրացում:

Մենք ջերմագին ողջունում ենք այն հայկական կազմակերպությունների նախաձեռնությունը, ովքեր արդեն իսկ բացառել են թուրքական ապրանքի ներմուծումն ու վաճառքը: Մեր կառույցները բոլոր այն հայկական ընկերությունների տրամադրության տակ են, որոնք ցանկանում են Եվրոպայից արտադրանքը ներմուծել, այդպիսով զգալի սահմանափակելով թուրքական արտադրանքի ներմուծումը Հայաստան:

Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սաուդյան Արաբիային, որը թուրք- ադրբեջանական հարձակումից միանգամից հետո ամբողջական էմբարգո դրեց թուրքական ապրանքների ներմուծման վրա: Դրանք կազմում էին 3.5 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն: Այս որոշումից հետո թուրքական լիրան 20 տոկոսով արժեզրկվեց»: