կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 19:05
Հասարակություն

Դոնբասցիներին սպասվում էր արցախահայության ճակատագիրը, եթե ՌԴ-ն չմիջամտեր. ԱՀ ԱԺ պատգամավոր

Դոնբասցիներին սպասվում էր արցախահայության ճակատագիրը, եթե ՌԴ-ն չմիջամտեր. ԱՀ ԱԺ պատգամավոր

Ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների լեզու բանեցնելու գործելաոճին: Անցնող մի քանի շաբաթների ընթացքում ականատես եղանք, թե ինչպես թշնամին սկսեց ահաբեկել Արցախում ապրող խաղաղ բնակչությանը: Ադրբեջանը երբեք չի հրաժարվել իր գործելաոճից, պարզապես հիմա ավելի լկտի և ցինիկ պահվածք ունի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով վերջին սահմանային դեպքերին, ինչպես նաև Արցախի տարբեր բնակավայրերում Ադրբեջանի իրականացրած սադրանքներին:

«Հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո այնպես չէ, որ իրավիճակը խաղաղ է եղել, կամ Ադրբեջանը չի գնացել սադրանքների: Մենք անունը դրել ենք ոչ թե պատերազմի ավարտ, այլ լռություն, որն ամեն վայրկյան կարող է խախտվել: Հիմա նրանք ավելի ցինիկ ու լկտի պահվածք ունեն, քան կար, և իրենց այդպես են պահում հենց ռուսական կողմի ներկայությամբ: Չկա որևէ հանգամանք, որը նրանց կսանձի. Ադրբեջանն ուղղակի չունի կարմիր գծեր: Անում են ամեն բան հենց խաղաղապահների աչքի առջև՝ իմանալով, որ խաղաղապահների գործառույթը պատժիչ միջոցներ չի ներառում: Խաղաղապահները պետք է կարողանան բանակցությունների միջոցով հասնել այնպիսի խաղաղության, որն իրենք Արցախում պետք է ապահովեն: Ադրբեջանը, բնականաբար, օգտվում է ստեղծված իրավիճակից: ՌԴ ՊՆ մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, երբ նշվեց, որ ԼՂՀ-ից ևս հումանիտար օգնություն է տեղափոխվել ՌԴ, Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնալիքներ հնչեցրեց՝ ՌԴ-ն թող չմոռանա, որ Ադրբեջանի տարածքում գտնվում են ռուս խաղաղապահները: Այս հայտարարությունից հետո Ադրբեջանն անցավ հստակ գործողությունների»,- ասաց  Մետաքսե Հակոբյանը:  

Մարտի 7-ին իրավիճակը Արցախում հանգիստ չի եղել: Մետաքսե Հակոբյանի տեղեկացմամբ՝ նույն օրը Շուշիի կողմից լսվել են պայթյուններ, դրանք հասարակ ինքնաձիգի կրակոցներ չեն եղել, որոնց արցախցին արդեն սովորել է:

«Արցախի և Երասխի դեպքերն ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակից օգտվելու է, և մենք, առավել քան երբևէ, պետք է զգոն լինենք: Ադրբեջանը միշտ հարձակվում կամ գնում է սադրանքի այն ժամանակ, երբ ամենաքիչն էինք դրան սպասում»,- ասաց  Մ. Հակոբյանը:

Եթե ռուս-ուկրաինական ճակատում իրադարձությունները զարգանան ոչ այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, ապա թուրքական գործոնն էլ ավելի ազդեցիկ դերակատարություն կունենա մեր տարածաշրջանում: Այս դեպքում Արցախն ինչպիսի՞ խնդրի առջև կկանգնի, և արդյո՞ք չի եկել այն ժամանակը, որ Արցախն իր ձայնը բարձրացնի: Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ ռուս-ուկրաինական պատերազմում իրավիճակն այնպիսին է, ինչպես Արցախում էր 44-օրյա պատերազմի ժամանակ:

«Շատ նմանություններ կան. 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին արդեն նվիրել էին Արցախի կեսից ավելին, որովհետև մյուս տարածքները թղթով ուղղակի տրվեցին Ադրբեջանին: Թշնամին արդեն Շուշիում էր, բայց մեր պաշտոնական աղբյուրները հայտարարում էին, թե Շուշիում թեժ մարտեր են գնում, թուրքը հետ է շպրտվում և այլն: Նույն հեքիաթը Ուկրաինան է տարածում: Դա խեղկատակ ղեկավար ունենալու արդյունքն է, իսկ ժողովուրդն անգիտակցաբար ուղղակի կոտորվում է: Ինչ վերաբերում է Արցախի հետագա ճակատագրին. եթե սցենարները զարգանան ոչ այնպես, ինչպես մեզ է ձեռնտու, ապա մենք այլևս չպետք է խոսենք Արցախ ունենալու մասին: Մենք առաջին օրվանից փաստել ենք, որ Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչում ՌԴ ղեկավարն ինքնանպատակ չարեց. նա հումանիտար աղետից փրկեց այդ երկու հանրապետությունները, քանի որ նրանց սպասվում էր նույն այն ճակատագիրը, ինչ մենք ունեցանք: Մեր հանրությունը փոխանակ դա ճիշտ գնահատեր, պահանջեր Հայաստանի իշխանություններից անել նույնը, ինչ արեց ՌԴ-ն, դրա փոխարեն մի մեծ արևմտամետ զանգված հարձակվել էր և փորձում էր դա ներկայացնել այնպես, թե Ռուսաստանն ագրեսոր է, օկուպանտ է և այլն: Ցավալին այն է, որ այսօր այդ ուժերը ներթափանցել են Արցախ և բուռն գործունեություն են ծավալում, և նրանց նպատակը մեկն է՝ հայրենասիրություն խաղալով, ազատվել Արցախից»,- ասաց Մ. Հակոբյանը:

Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ իշխանությունները չպետք է թույլ տան այդպիսի ուժերի բազմացումը, որովհետև այն կեղծ ժողովրդավարությունը, որ մոգոնել են, և դրա անվան տակ ով ասես ինչ գործունեությամբ ասես զբաղվում է, դա ուղիղ վնաս է ու կործանում է մեր երկու հայկական պետությունները:

«Եթե մինչև 2018 թ. Հայաստանում ունեինք իշխանություններ, որոնք Արցախի ձայնն էին բարձրացնում միջազգային տարբեր կառույցներում, բանակցությունների ժամանակ, ապա հիմա Հայաստանում չունենք այդպիսի իշխանություն, հակառակը՝ կա այնպիսի իշխանություն, որը հնչեցնում է Ադրբեջանի ձայնը և վարում ազգակործան քաղաքականություն՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի մասով: Այդ պատճառով մենք բազմիցս կոչ ենք արել Արցախի իշխանություններին՝ սթափվել, խելքի գալ, դուրս գալ այդ ստրուկի կարգավիճակից և լծվել երկիրը փրկելու գործին: Մենք՝ որպես ընդդիմություն, սկսել ենք իրականացնել այն բոլոր մտքերը, ինչ մենք էինք տալիս իշխանություններին, և դա էլ նրանց ձեռնտու չէ, քանի որ իրենց  օրակարգը չէ: Արցախում պետք է մտածեն՝  եկել է այն ժամանակը, որ հետագայում սպասվելիք բանակցություններում Արցախից պետք է անպայման ներկայացուցիչ լինի»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը: 

                                                                                          Լենա Կարապետյան