կարևոր
11845 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-15 10:16
Արցախ Հասարակություն

Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի ցանկանում նորմալ կերպով լուծել արցախահայության խնդիրները. պատգամավոր

Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի ցանկանում նորմալ կերպով լուծել արցախահայության խնդիրները. պատգամավոր

Բռնի տեղահանված 100 հազարից ավել արցախահայերին ՀՀ-ի ապազգային իշխանությունները թողել են բախտի քմահաճույքին։

Արցախահայերն արդեն երկու շաբաթից ավել ապրում են «երկնքի և երկրի միջև»՝ առանց նորմալ կացարանների, անհրաժեշտ իրերի, աշխատանքի, առանց հույսի և հեռանկարի: Միաժամանակ Արցախը թշնամուն դավաճանորեն հանձնած իշխանության ներկայացուցիչները հպարտորեն գլուխ են գովում, թե միլիոնավոր դոլարներ են հատկացնում արցախահայերի խնդիրները լուծելու համար։

Ինչո՞ւ ՀՀ-ի անընդունակ կառավարությունը չի ցանկանում սկսել նորմալ լուծել այս խնդիրները։

Փաշինյանական անկարող կառավարությունը բռնի տեղահանված մեր հայրենակիցներին չի տրամադրում նորմալ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ և չի ապահովում նրանց իրավունքների պատշաճ պաշտպանությունը։ Այն քայլերը, որոնք ձեռնարկել են իշխանությունները, կաթիլ են ծովում՝ համեմատած այն ամենի հետ, ինչ պետք է անել։ Առաջին հերթին արցախահայերը մշտական բնակության և սոցիալական ծառայությունների հասանելիության կարիք ունեն։ Եթե ինչ-որ օգնություն տրամադրվում է, ապա այն գալիս է կամավորներից,տարբեր կազմակերպություններից, անհատներից, որոնց ուժերն ու ռեսուրսներն անսահման չեն։

Երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը արդարացում չէ։

Կառավարությունը պետք է շտապ քառապատկի ջանքերը՝ արցախահայերին բնակարաններով, աշխատանքով, սոցիալական և բժշկական ծառայություններով ապահովելու համար: Մարզերում, մեր հայրենակիցներից շատերը չեն էլ պատկերացնում, թե որ պետական մարմիններին կարող են դիմել իրենց խնդիրները լուծելու համար։

Բռնի տեղահանված արցախահայերի խնդիրներով զբաղվում են այնպիսի պաշտոնյաներ, որոնց համար Արցախն այդպես էլ Հայրենիք չդառավ, ովքեր երբեք չեն հասկանա, թե դա ինչ է նշանակում ՝ մեկ գիշերվա ընթացքում կորցնել ամեն ինչ և 50-60 տարեկանում սկսել զրոյից։

ՔՊ-ական խունտան իր պաշտոնյաների ձեռքով հանցավոր քաղաքականություն է վարում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների նկատմամբ։ Աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից, միջազգային կազմակերպություններից այս օրերին ստացված, ինչպես նաև պետական միջոցները լավագույն դեպքում ծախսվելու են անարդյունավետ, իսկ վատագույն դեպքում՝ յուրացվելու են, ինչպես տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում:

Մհեր Մելքոնյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ