կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-01 23:34
Հասարակություն

ՌԴ֊ն ամեն ինչ կանի հաղթանակի համար (մտածումներ ֊ 6)

ՌԴ֊ն ամեն ինչ կանի հաղթանակի համար (մտածումներ ֊ 6)
Մ Տ Ա Ծ Ու Մ Ն Ե Ր - 6 (սիրտդ՝ տաք, գլուխդ՝ սառը պահիր)
 
Կիևը ռուսական քաղաքների մայրն է։ Այստեղից են սկսվում արևելյան սլավոնական ցեղերը, նրանց պետականությունն ու պատմությունը։ Կիևի վրա հարձակվելը հեշտ բան չէ ոչ Ռուսաստանի համար, ոչ էլ Բելոռուսիայի։ Դա, եթե կուզեք, հոգեբանական տաբույի յուրատեսակ հաղթահարում է։ Նույնն է, եթե որդին հարձակվում է հոր վրա, կամ հակառակը։ Ռուսաստանի կողմից այսպիսի պատերազմ չէր կարելի թույլ տալ։ Սա երկինք նետված բումերանգ է, որ վերադառնալով՝ դեռ վնասելու է։
 
Ռուսաստանը, կամ ռուսական ազդեցությունը Ուկրաինայում արդեն պարտվել են առաջին և երկրորդ հեղափոխություն-հեղաշրջումների ժամանակ։ Այս պատերազմում Ռուսաստանը ամեն ինչ կանի՝ հաղթանակ տանելու համար։ Սակայն, եթե երկարեց այս պատերազմը, դա, գրեթե, հավասարազոր կլինի պարտության, ուստի, Ռուսաստանը, ռիսկերը գնահատելով, կարծում եմ, կփորձի նստել բանակցության սեղանի շուրջ։
 
Կիևը Հայաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունք չի ցուցաբերել։ Հակառակը, մեր թշնամու դաշնակիցն է, և նրան զենք ու զինամթերք է տրամադրել Արցախյան պատերազմի օրերին, հիացել նրա տարած հաղթանակով, նաև Թուրքիայի, կամ մեր դարավոր թշնամու դաշնակիցն է, սակայն սա չի նշանակում, որ մենք, մեր դատողություններում, եզրահանգումներում իրավունք ունենք տրամադրվել մեր զգացմունքներին։
 
Այս պատերազմը երկարում է, և սա վտանգավոր է մեր Երկրի համար, որովհետև, որքան խճճվի Ռուսաստանը Ուկրաինայում, այնքան մեծ են լինելու Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակները մեր նկատմամբ։
 
Հնարավոր է, որ ուկրաինական խնդրի շուրջ, աշխարհը թևակոխի մի նոր "Սառը պատերազմի" փուլ, իսկ որ "Սառը պատերազմը" խաղաղության մոդել է, Դուք էլ գիտեք։
 
Իսկ, մինչ այդ գույշ լինենք, ու չմոռանանք, որ մեր թշնամիները թե Կիևի, թե Մոսկվայի հետ դրական, եթե ոչ ջերմ հարաբերություններ ունեին և ունեն։
 
Դավիթ Վանյան
 
Հրապարակախոս, քաղաքագետ