Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չեք պատկերացնի, թե հոգիս ոնց էր փառավորվում, երբ իմացա՝ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք խլել, ապրե՛ք դուք։ Հիմա հավաքում ենք ինչքան հնարավոր է շատ մարդ՝ սուրհանդակ, հեռագիր, ծիտիկ ուղարկեք, մարդկանց հավաքեք այստեղ։ Պետք է ստեղծել պաշտպանական դիրքեր, որպեսզի չկարողանան տեխնիկա, ջրցան մեքենաներ մտցնեն։ Չորս մասի կբաժանվենք, յուրաքանչյուրը կմոտենա մի մուտքին, բարիկադանման կառույցներ են կառուցված․․․Ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում՝ ունենալ ձեռքին ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար՝ կլինի փայտ, քար, չգիտեմ՝ ինչ»։ Սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2008թ․ մարտի 1-ին, դուրս են բերված այդ օրերի արխիվացված նկարահանումներից։ Բախումների ամենաթեժ պահին դարձյալ հնչում է Նիկոլ Փաշինյանի ձայնը՝ բարիկադներից, դիրքերից հետ չգնալու կոչով։
Ո՞վ, ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով հրահրեց եւ կազմակերպեց 2008 թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունները։ Ուժային կառույցների այդ ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ 14 տարի առաջ այս օրը կանխվել է պետական հեղաշրջում կազմակերպելու փորձ։ 2008թ․ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր, վաստակավոր իրավաբան Գագիկ Համբարձումյանը մարտի 1-ի, ՊՊԾ գնդի գրավման եւ դրան հաջորդած ողբերգական իրադարձությունների շղթայական վերլուծություն է անում, ապա շեշտում՝ մարտի 1-ի հրահրողը այդ գործով դատապարտված Նիկոլ Փաշինյանն է, որի վաղաժամկետ ազատումն ամենասխալ քայլն էր, որ եղավ։
«Մարտիմեկյան դեպքերը, դրանից հետո տեղի ունեցող տրագեդիաները՝ ՊՊԾ գնդի գրավումը, 2020 թ․ պատերազմի ընթացքում ղեկավարության կատարած այլանդակությունները այն աստիճանի մեծ ողբերգական երեւույթներ են, որ դրանց մասին առանձին-առանձին խոսել չեմ ուզում։ Դրանք ողբերգական էին ինձ համար»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Համբարձումյանը։
ՀՀ ոստիկանապետին նախկին տեղակալը արգահատանքով է նայում այսօրվա ուժային կառույցների գործողություններին։ Մասնավորապես խոսելով ոստիկանության ապօրինությունների մասին՝ Գագիկ Համբարձումյանն ընդգծում է՝ այս իշխանությունը գոյատեւում է միայն ուժայինների, առաջին հերթին՝ ոստիկանության «սվինների» շնորհիվ։ «Սա խոսում է նաեւ ոստիկանության վերնախավի՝ կարմիր գծերի հատման քայլերի մասին»,- նշում է նա։
Մարտի 1-ին, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվեցին նաեւ ոստիկանության տասնյակ աշխատակիցներ, սակայն այս փաստը ոստիկանությունում աշխատող բարձրաստիճան սպաներին, ըստ Համբարձումյանի, չի կաշկանդում ծառայել Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծառայակից ընկերների մահվան մեջ ուղղակիորեն կապ ունեցող անձին։
«Նրանք դրան կարեւորություն չեն տալիս, նրանց համար այս պահի խնդիրն է կարեւոր՝ պաշտոնն ու վայելքները, մնացածը նրանց համար դարձել է երկրորդական»,- ընդգծում է նա:
Ոստիկանության գեներալ-մայորը շեշտում է՝ մոտ ապագայում, երբ տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից, պետք է ամեն ինչ արվի նրա ֆիզիկական գոյությունը չվտանգելու համար, որ դատվի ու սերունդների համար լինի հակահերոսի տիպիկ օրինակ։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նիկոլ Փաշինյանին «սրբադասելու» գործընթաց է սկսել՝ վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել մարտի 1-ի անկարգությունների գործով դատապարտված Փաշինյանի դատավճիռը եւ արդարացնել նրան: Համբարձումյանը, վաղուց «կարմիր գծերը» հատած դատախազի այս քայլ որակում է հանցագործություն՝ շեշտելով՝ Արթուր Դավթյանը կատարում է հերթական պնակալեզ, հաճոյակատար գործողությունը։
«Գլխավոր դատախազը շատ վաղուց եւ շատ ավելի լուրջ ու ծանր հանցագործություններ է կատարել, առաջին հերթին՝ իրավական, ապա՝ բարոյական եւ մարդկային: Նրա մեղադրական եզրակացության մեջ այս քայլը շատ փոքր մաս է կազմելու։ Բոլոր կարմիր գծերը հատած այս մարդն այսօր շանս չունի պետական պաշտոնյայի, տղամարդու, իրավաբանի կեցվածք ընդունելու: Արթուր Դավթյանը մտածում է հետեւյալ մեխանիզմով՝ այդքան հանցագործություններ եմ արել, այս մեկն ի՞նչ է, որ չանեմ»,- մանրամասնում է գեներալ-մայորը:
Հարցին՝ հասարակության մի հատված կա, որ իշխանափոխություն չի ուզում՝ ասելով՝ «Փաշինյանը գնա, բա ո՞վ գա», Դուք ի դեմս ո՞ւմ եք տեսնում Հայաստանի ղեկավար, Համբարձումյանը պատասխաում է՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու կարեւորության լրջությունը փոխաբերական իմաստով բացատրելով։ «Էական չէ, թե ով կգա իշխանության։ Տունը այրվում է, հրդեհը հանգցնում են, նոր հետո մտածում տան վերանորոգման մասին: Հրդեհը մարելուց առաջ վերանորոգման մասին վաղ է մտածելը: Այսօր պետք է այս հանցավոր խմբավորմանը վռնդել իշխանությունից, հաջորդը ո՞վ կգա, կարեւորը՝ չլինի դավաճան, օտարերկրյա գործակալ»,- եզրափակում է ոստիկանության գեներալ-մայորը։
Լիանա Սարգսյան