Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում մեծ շուքով նշվող գյուղատնտեսության աշխատողի օրվան կամ բերքի տոնին ընդառաջ Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղը նախաձեռնել է հերթական այցելությունը Արցախի զորամասերից մեկը: «Եկել ենք Արցախի այգիների բերքն ու բարիքը, մեր ձեռքով պատրաստված քաղցրեղենը անձամբ հասցնելու մեր պաշտպաններին, նաև մեր մայրական սերն ու ջերմությունը փոխանցելու նրանց, որովհետև մեր ամեն մի խաղաղ վայրկյանի համար պարտական ենք նրանց»,- զինվորների հետ հանդիպմանը նշել է ՀՕՄ-ի Արցախյան գրասենյակի տնօրեն Սվետլանա Հարությունյանը:
ՀՕՄ-ի «Այցելություն դիրքապահ զինվորին» ծրագրին աջակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակություն» խմբակցությունը: «Ուրախ եմ, որ յուրօրինակ բերքի տոն կազմակերպեցինք զինվորների համար: Կարծում եմ, որ սա շարունակական պետք է լինի: Զինվորական ծառայությունը զինվորների կյանքի այն շրջանն է, երբ նրանք պիտի լավ սնվեն և անհրաժեշտ է, որպեսզի զինվորների ամենօրյա ճաշացանկի մեջ մրգեր ընդգրկվեն»,- շեշտել է ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՕՄ-ի անդամ Ռիտա Մնացականյանը:
«Նման այցելությունները ավելի են գոտեպնդում, ուժ տալիս զինվորներին, որովհետև նրանք զգում են, որ մենակ չեն, որ այստեղ ոչ միայն զինվորականների հավաքատեղի է, այլև ազգի»,- նշել է Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալյանը:
Վերջերս զորակոչված Գագիկ Եկմալյանը վստահեցրել է, որ ամեն գնով պահելու են հողը, ինչ էլ որ անի թշնամին. «Զինորի համար այլ իրականություն է, երբ գիտակցում ես, որ մենակ չես, որ քո կողքին կանգնած է ամբողջ ազգը: Ինչպես Նժդեհն է ասում, երբ ազգն է բանակ դառնում, նրան հաղթելն անհնարին է. մենք հիմա այդ ճանապարհի վրա ենք»:
Անցնելով դիրք առ դիրք, ծանոթանալով զինվորների առօրյա պայմաններին, ՀՕՄ-ուհիները ականատես եղան, թե ինչպիսի հոգածությամբ ու պատասխանատվությամբ են զինվորները վերաբերում իրենց վստահված հողակտորին և վստահեցրին, որ թշնամուն դեմ-հանդիման կանգնած զինվորը միշտ գտնվում է հայ մայրերի, կանանց ու քույրերի ուշադրության կենտրոնում: