կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-25 15:44
Տնտեսական

Ռուբլու թուլանալով՝ մենք արտահանման հետ կապված խնդիրներ կունենանք․ Կարեն Ադոնց

Ռուբլու թուլանալով՝ մենք արտահանման հետ կապված խնդիրներ կունենանք․ Կարեն Ադոնց

Ուկրաինա ներխուժման պատճառով Արևմուտքի պատժամիջոցների՝ այս պահին միակ կոնկրետ ազդեցությունը ռուսական ռուբլու թուլացումն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը։

Նրա դիտարկմամբ՝ դա Ռուսաստանի տնտեսությանը դժվար թե մեծ հարված հասցնի, որովհետև այս պահին դա նպաստելու է ռուսական ապրանքների արտահանման խթանմանը։ Այս պրոցեսը, տնտեսագետի կարծիքով, շարունակվելու է և ժամանակը ցույց կտա, թե ուր սա կհասցնի։

ԵԱՏՄ երկրների շրջանում այս սահմանափակումները նոր իրավիճակի պայմաններում փոխադարձ առևտրի խնդիրներ են առաջացնելու։

«Հայաստանի առումով՝ ռուսական ռուբլու թուլացումը իր ազդեցությունը կթողնի մեր արտահանողների վրա։ Արտահանման հետ կապված մենք խնդիրներ կունենանք, որովհետև ռուբլին թուլանալով մեզ է վնաս։ Ներմուծումը կէժանանա, բայց կոնկրետ վտանգը արտահանողներինն է։ Դրա հետ կապված՝ հնարավոր է խնդիրներ առաջանան տրանսպորտի, առևտրի, տեղափոխումների առումով, ժամանակը ցույց կտա»,-ասաց Կարեն Ադոնցը։

Ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա լինելու է, բայց տնտեսագետը այս պահին խիստ մեծ ազդեցություն չի տեսնում, որովհետև բոլոր երկրները զգույշ են, սպասում են։

Ընդհանուր առմամբ, Կարեն Ադոնցը դեռ շուտ է համարում պատժամիջոցների ազդեցությունը հստակ պատկերացնելու համար։ Ասում է՝ քանի դեռ չի հասել բանկային SWIFT համակարգից Ռուսաստանն անջատելուն, մնացած բոլոր պատժամիջոցները նախկին պատժամիջոցների իներցիոն, թեթև շարունակությունն են։

«Ռուսաստանի տնտեսությունն այս պահին արդեն փակ տնտեսություն կարելի է համարել, որովհետև բոլոր հիմնական պատժամիջոցները գործում են՝ տեխնոլոգիական  ապրանքներ չվաճառելու պարտադրանքը, շուկաների, առևտրի հետ կապված սահմանափակումները, ֆինանսական, ներդրումային սահմանափակումները, ընդհանուր փաթեթներն արդեն կան։ Ինչ վերաբերում է ռուսական բորսայում ռուբլու կտրուկ թուլացմանը՝ սա բնական առաջին ալիքի հարվածի ազդեցությունն է տնտեսական համակարգի վրա։ Բայց դա կհավասարակշռվի, նոր գործոններ չկան, որ դա սկսի խորանալ»,-ասաց Կարեն Ադոնցը։

Նա քիչ հավանական է համարում, որ SWIFT համակարգից Ռուսաստանին անջատեն։ Ֆունդամենտալ հարվածներ, ըստ նրա, չեն հասցվում, քանի որ դրանից կտուժեն նաև Արևմուտքի երկրները։

«Առևտրի, էներգակիրների հետ կապված սահմանափակումները հարվածելու է նաև իրենց։ Դրա համար նրանք շատ զգույշ են։ Ընդհանրապես SWIFT բանկային համակարգից Ռուսաստանի հանումը մեծ հարված կհասցնի ընդհանրապես համաշխարհային առևտրին։ Միանգամից հարցեր են առաջանալու՝ բա ո՞նց առևտուր անեն։ Ռուսաստանին հնարավոր չէ կտրել առևտրից, Ռուսաստանը խոշոր մատակարար է թե՛ էներգակիրների, թե՛ հումքի և այլն։ Հեշտ չի դա անել»,-ասաց Կարեն Ադոնցը։

Մնացած հարցերը սպասողական վիճակում են․ սա ռազմական գործողություն է, ասաց նա, և պետք է հաշվի առնենք, որ այս ռազմական գործողության շարունակման դեպքում, բնական է, այդ բոլոր գործոններն ազդելու են մեր տնտեսության վրա։

«Այս իրավիճակում Հայաստանն ինչ պլանավորել է, ենթադում եմ, դրանից ավելին անելու հնարավորություն չունի։ Այստեղ խնդիրներ կան՝ կապված հեռանկարի հետ, թե ինչ ազդեցություն կունենա այն ծրագրերի ֆինանսավորման վրա, որ նախատեսված էին 5 տարվա մեջ»,-ասաց տնտեսագետը։

Ամեն ինչ կախված է, թե Ռուսաստանն, ի վերջո,  ի՞նչ խնդիր է լուծում և կկարողանա՞ լուծել, թե՞ ոչ՝ ասաց նա։ Նաև, թե Ռուսաստանի դիրքն այս գործողություններից հետո ինչպիսի՞ն կլինի, նա կկարողանա՞ դիրքավորվել, մնալ հավասարակշռված վիճակում, թե՞ աշխարհաքաղաքական խնդիրներ կունենա։ Մեծ հաշվով, ամեն ինչ կախված է այս ռազմական գործողության ելքից։

Աննա Բալյան