կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-22 03:44
Քաղաքական

Պուտինի թուլանալով` թուլանում է նաեւ Քոչարյանը

Պուտինի թուլանալով` թուլանում է նաեւ Քոչարյանը

Սերժ Սարգսյանը եւ իշխող կոալիցիան, հասկանալով, որ ապագա ընտրություններում չեն ստանալու ժողովրդի քվեն, էլի ապավինելու են որոշ կուսակցությունների պաշտպանությանը եւ դրանից բխող այլ գործողությունների. այսօր հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը`նշելով, որ այդ գործողություններից մեկն էլ ուժային կառույցների միջամտելն է ընտրական գործընթացին:

 

«Դրա համար 5 տարով երկարաձգվում է Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը, երբ 5 տարի հետո մարդը 70 տարեկան է լինելու, որովհետեւ այն գործողությունները, որ Գորիկ Հակոբյանը կատարեց 2008 թվականին, իշխանության տեսակետից էֆեկտիվ էին: Հիմա էլի որոշում է կայացվել ապավինել այն կուսակցություններին, որոնք նախկին ընտրություններում Սերժ Սարգսյանին դարձրել են գործող իշխանության ղեկավար, եւ այն ուժային կառույցներին, որոնց ապավինեց Քոչարյան-Սարգսյան տանդեմը»,- նշեց Ա. Կարապետյանը:

 

Ի սկզբանե չցանկանալով մեկնաբանել ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերությունները` «Նոր ժամանակների» առաջնորդը, բայցեւայնպես, բավականին հետաքրքիր «բացահայտումներ» արեց: «Գուցե միջկլանային հարաբերություններում ինչ-որ մեկն ինչ-որ մեկի նկատմամբ հաղթանակ տարավ, բայց կոալիցիայի չփլուզվելը չի կարելի ներկայացնել որպես հաղթանակ»,- նշեց Ա. Կարապետյանը:

 

Նա նաեւ տեսակետ հայտնեց, որ «ինչքան Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում թուլանա, այնքան Ռոբերտ Քոչարյանն իր ռեսուրսներով Հայաստանում կթուլանա: Հիմա, իսկապես, դա տեղի է ունենում»:

 

Հակադարձելով Արամ Կարապետյանին` հանրապետական Արտակ Զաքարյանը նշեց, որ նման համեմատականների անցկացումը սխալ է` նշելով, որ ո'չ Ռուսաստանի, ո'չ էլ Հայաստանի քաղաքական համակարգը չի գնահատում որպես կլանային. «Ինձ համար միշտ տարօրինակ եւ զարմանալի է, թե ինչո՞ւ ենք շատ հաճախ Ռուսաստանի քաղաքական շրջանակներն ուղիղ համեմատության մեջ դնում Հայաստանի քաղաքական շրջանակների հետ: Երկու երկրները բոլորովին այլ սոցիալ-քաղաքական կառուցվածք ունեն»: