կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-30 19:27
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՆԱ-ի գերակշիռ մասը ավտոմեքենաների ներմուծումից է, վաղ թե ուշ կանգնելու ենք․ Կարեն Ադոնց

Արդյունաբերական համալիր ստեղծելու աշխատանքը  պետք է սկսենք այսօր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ զգուշացնելով, որ եթե շարունակենք տնտեսության զարգացման ներկա մարտավարությունը՝  մի քանի տարում այն կանգնելու է։

ՀՆԱ-ի 7,5 տոկոս աճի ցուցանիշը, որով վարչապետ Փաշինյանը հպարտացավ մամուլի ասուլիսին, տնտեսագետ Կարեն Ադոնցի դիտարկմամբ՝ վտանգավոր է։ Նա բացատրեց, որ դրա մեջ բավական մեծ տոկոս է կազմում ավտոմեքենաների ներմուծումը և արտահանումը դեպի Ղազախստան, Ռուսաստան և այլն։

«Մտահոգիչն այն է, որ եթե դրա մեջ ավտոմեքենաների ներմուծումը կազմի մոտ 50 տոկոսը, իրական աճ ունենք 3,5 տոկոս, վտանգավոր է սա, որովհետև այդ մեքենաների ներմուծումը չի վերականգնվելու, հիմա արդեն վերջին տարին է՝ սահմանափակվելու է, այդ ներմուծումը էլ չի լինելու։ Առավել ևս, որ հիմա արդեն խնդիրներ կան՝ Ղազախստանում բողոքի ալիք է բարձրացել, հաստատ կասեցվելու է այդ գործընթացը։  Դա չվերականգնվող ՀՆԱ է, ուղղակի մեզ հնարավորություն է տրվել այս տարի օգտվել դրանից՝ մենք օգտվել ենք։ Հիմա որպեսզի մենք ունենանք բարձր տնտեսական ակտիվություն ու աճ, մենք պիտի վերկանգնենք կորցրածը ու նոր լրացուցիչ ծավալներ ապահովենք ՀՆԱ-ի, որը շատ, շատ դժվար կլինի»,-մեկնաբանեց նա։

Դժվար կլինի, որովհետև մեր տնտեսության հիմնական շեշտադրումները մի քանի ոլորտների վրա է՝ տուրիզմ, գյուղատնտեսություն, վերամշակում, հանքահումքային, ՏՏ ոլորտներ, մի քիչ էլ՝  թեթև արդյունաբերություն։ Կարեն Ադոնցի համոզմամբ՝ սրանք արագ հագեցող ոլորտներ են ու չեն գեներացնում մեծ ծավալի ՀՆԱ, սրանք շարժիչ ոլորտներ չեն։

«Մեզ պետք է արդյունաբերություն, որը հնարավորություն կտա հետագա դինամիկ զարգացման, ինչը մենք չունենք ու չենք էլ անում գործնականում»,-մտահոգություն հայտնեց տնտեսագետը։

Արդյունաբերության համար ներուժ Հայաստանն ունի․ Ադոնցը մատնանշում է մի շարք հնարավորություններ․ «Օրինակ, մենք արտահանում ենք մոտ 550 հազար տոննա պղնձի խտանյութ։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ ծավալների մասին ենք խոսում՝ 550 հազար տոննա։ Ավելի գրագետ կլիներ, որ այդ հիմքի վրա մենք ստեղծեինք մաքուր պղինձ արտադրող գործարան, որը բնապահպանական առումով շատ ավելի մաքուր է, քան այն, ինչ կատարվում և դա կստեղծեր հումքի իրական աղբյուր արտադրական տարբեր ձեռնարկությունների համար։ Սա նշանակում է՝ այդ ոլորտը համակարգատար է։ Մենք մինչև հիմա նույնիսկ չենք անդրադարձել գործնական առումով, թե ինչպես կազմակերպենք այդ պրոցեսը»։

Եթե մենք այս կարևոր գործընթացը կազմակերպենք, առաջանալու է թափոնների հարցը՝ ընդգծում է տնտեսագետը, ասենք, մեծ ծավալով ծծմբաթթու է արտադրվելու։ Նա առաջարկում է մտածել մի համակարգ, որը կսպառի այդ ծծմբաթթուն՝ արտադրելով նոր նյութեր տարբեր ոլորտների համար՝ մաքրելով այդ թափոնները․ «Այսինքն, ոչ միայն պետք է լինեն համակարգատար ոլորտներ, ասենք, կլաստերային տարբերակով, այլ նաև փոխկապակցված ոլորտներ, որպեսզի մեկի թափոնները մաքրվեն այլ արտադրություններով։ Ա՛յ, սա արդյունաբերական համալիր կլինի։ Այս աշխատանքը պետք է սկսել այսօր»։

Նոր նյութերի արտադրությունը նա շատ կարևոր է համարում․ «Մենք խոսում ենք պերլիտի մասին, տարբեր հումքատեսակների մասին, խոսում ենք թափոնների վերամշակման մասին, բայց մենք մոռանում ենք, որ ժամանակակից արդյունաբերությունը օգտագործում է նոր նյութեր՝ ակոմպոզիտ նյութեր, շինարարության, տեքստիլի համար քիմիական թելեր, մենք պետք է գիտակցենք, որ պետք է հումքային բազա ձևավորենք արդյունաբերական տարբեր ոլորտների հետագա զարգացման համար»։

Նա հիշեցրեց Իրանի առաջարկությունը՝ սահմանին ստեղծել նավթի վերամշակման արտադրություն․ «Լավ է, որ կա առաջարկը, բայց մենք պիտի գիտակցենք, որ այդ ոլորտը ստեղծոււմ է շատ մեծ հնարավորություն և՛ նավթամթերքի ժամանակակից հումքային ռեսուրսներ արտադրելու, և՛ մաքրելու այն թափոնները, որ մենք խոսում ենք՝ մաքուր պղնձի արտադրության հետ կապված և, ընդհանրապես, թափոնները։ Որովհետև դու արդյունաբերական համալիր կարող ես ձևավորել, եթե ունես մետալուրգիա, քիմիա, արտադրող արդյունաբերություն, որպեսզի նրանք լինեն փոխկապակցված, հակառակ դեպքում դու կունենաս խնդիրներ»։

Ավետ Ադոնցը զգուշացնում է՝ եթե օր առաջ չստեղծենք այս համալիրը, ներկայում շեշտադրվող ոլորտները վաղ թե ուշ հագենալու են՝ ինչպես Վրաստանում և տնտեսության զարգացումը զգալի դանդաղելու է։ Այդ ժամանակ, եթե անգամ ունենանք ամենանորոգված ճանապարհներն ու այլ ենթակառուցվածքները, որոնք անշուշտ կարևոր են տնտեսության զարգացման համար, միևնույն է, դրանք կարող են այդպես էլ մնալ՝ չօգտագործված երկրի զարգացման համար։

Տնտեսագետը ընդգծում է նաև Սփյուռքն իբրև բաժնետեր և սպառման շուկա օգտագործելու կարևորությունը․ «Առաջարկենք, որպեսզի Սփյուռքը ներդրումներ անելով դառնա բաժնետիրական ընկերության բաժնետեր, և միևնույն ժամանակ հանդիսանա սեփական արտադրանքի սպառող։ Մենք պետք է ուղղակի սկսենք դա անել հենց այս տարի։ Վերջ տալ այդ հանգանակություններին, մեզ պետք չի օգնություն։ Իտալիան երբ ծանր երկրաշարժ տարավ, բոլորն ասում էին՝ օգնենք, Բեռլուսկոնին ասաց՝ հոպ, Իտալիան արժանապատվություն ունի, հանգիստ նստեք տեղներդ՝ այ, ստեղ է պետք ասել, մենք մեր խնդիրները կլուծենք։ Արդեն հասել է նրան, որ տելետոնի ժամանակ զանգում են ֆրանսիացիներին՝ օգնեք Հայաստանին, ինչ կլինի։ Վերջ է պետք տալ դրան և զարգացման շուրջ համախմբվել»։

Աննա Բալյան

Կարեն Ադոնցը խոսեց նաև եվրապարտատոմսերի տոկոսադրույքի մտահոգիչ լինելու, սպանդանոցային մորթի կազմակերպման և այլ թեմաներով։

Մանրամասները՝ տեսանյութում․