կարևոր
10096 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-12 16:52
Տնտեսական

Եթե ռուբլու արժեզրկում գրանցվի, մենք լուրջ խնդիրներ կունենանք. Թադևոս Ավետիսյան

Եթե ռուբլու արժեզրկում գրանցվի, մենք լուրջ խնդիրներ կունենանք. Թադևոս Ավետիսյան

Ռուբլու կուրսը մինչև տարեվերջ կտատանվի, դա միայն տնտեսական գործոններով չէ պայմանավորված: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովը։

Տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Aysor.am-ի հետ զրույցւմ նշեց, որ ռուբլու փոխարժեքի վրա միայն մի գործոն չէ որ ազդում է։

«Դրանք բազմաթիվ են, որոնք ունեն երկարաժամկետ կամ կարճաժամկետ ազդեցություն: Այս պահին բնական է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը նաև որոշակի տնտեսական դժվարություններ է առաջացնում ՌԴ տնտեսության համար, բնական է, նաև ազգային արժույթի՝ ռուբլու համար: Խոսքը վերաբերում է ոչ միայն ռազմական ծախսերին, այլև տնտեսական պատժամիջոցներին: Դրանք բոլորը բերում են ազգային արժույթի թուլացման կամ արժեզրկման», - ասաց նա։

Բայց մյուս կողմից էլ, ըստ տնտեսագետի, նավթի գների բարձրացումը ՌԴ-ի համար դրական տնտեսական ազդակ է, քանի որ նավթ արդյունահանող և արտահանող երկիր է։

«Ընդհանուր առմամբ դա կախված է նաև Կենտրոնական բանկի քաղաքականությունից: ՌԴ-ն պատերազմի սկզբնական շրջանում, երբ ռուբլու անկում կար, էապես բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հիմա, իհարկե, իջեցրել է: Մյուս կողմից էլ, կարևոր է արձանագրել, որ եթե ռուբլու արժեզրկում գրանցվի, մենք  լուրջ խնդիրներ կունենանք՝ սեփական արտադրանքի արտահանման  իմաստով: Դրա հետևանքով կնվազի մրցունակությունը: Խոսքը վերաբերում է տեղական արտադրանքին։ Հայաստանն այսօր նաև ՌԴ է վերաարտահանում տարբեր երկրներից ներմուծված ապրանքներ: Այստեղ չեմ կարծում, որ էական փոփոխություն կլինի, բայց սեփական արտադրանքի արտահանումը, հատկապես, վերամշակող արդյունաբերության ոլորտում եղած խնդիրներն էլ ավելի կսրվեն, եթե արձանագրվի ռուբլու էական արժեզրկում», - ասաց Ավետիսյանը։

Հարցին, թե նման բան կանխատեսվո՞ւմ է, Ավետիսյանը պատասխանեց. «Դժվար է ասել, գործոնները բազմաթիվ են: Դա այնքան անորոշ է: Պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը, ԿԲ-ի վարքագիծը: Բայց մի բան փաստ է, որ արդեն տևական ժամանակ է ինչ պատերազմը շարունակվում է, բայց ռուբլու փոխարժեքը  ոչ միայն կայունացել է, այլև որոշակիորեն արժևորվել», - ասաց նա։