կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 21:49
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ կլիներ՝ ձևավորվեր ռեֆորմների մասնագիտական խումբ, որը կմաքրեր տնտեսության կուտակված հարցերը. Կարեն Ադոնց

Լավ կլիներ՝ ձևավորվեր ռեֆորմների մասնագիտական խումբ, որը կմաքրեր տնտեսության կուտակված հարցերը և կձևավորեր նոր քայլեր արագ զարգացման համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ խոսելով սպասվող տնտեսակա նոր ճգնաժամի մասին։

Կենտրոնական բանկը այս տարի ընդամենը 1,6 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել՝ նախկին, առանց այդ էլ ցածր, 5,3 տոկոսի փոխարեն։

Կարեն Ադոնցը տեսնում է հնարավոր ելքի  բանալին․ ասում է՝ հրատապ պետք է համահայկական բաց բաժնետիրական ընկերություն ստեղծել՝ ներգրավելով հայկական Սփյուռքը, հայկական կապիտալը և շուկաները։

«Մեր խնդիրն է ձևավորել տնտեսության այն կառուցվածքը, որը մեզ հնարավորություն կտա ներթափանցել տարբեր շուկաներ։ Դրսի հայկական շուկաները պիտի համակարգենք բաց բաժնետիրական ընկերության կառուցվածքի մեջ, որպեսզի այդ մարդիկ ներգրավվեն Հայաստանի տնտեսական կյանքին՝ հանդիսանալով շուկա։ Այս մեխանիզմը շատ կարևոր է արագ կառուցել, որպեսզի հայկական համայնքները իրենց շուկաներով, իրենց ներդրումային հնարավորություններով կապվեն Հայաստանի տնտեսության հետ։ Մոտ 6 ամսվա ընթացքում գործնական քայլերով մենք դա կարող ենք կառուցել»,-ասաց տնտեսագետը։

Ռուսաստանի շուկան հավասակշռման գործընթացում է՝ նկատեց նա, դրան զուգահեռ մեր շուկան էլ պետք է փորձի հավասարակշռվել՝ զարգանալով, վերցնելով նրա ասած ուղղություններն ու առաջ շարժվելով։

«Որովհետև այս պահին մենք հաստատ չենք կարող լրացնել ռուսական շուկայի բացը, հատկապես տեխնոլոգիական ապրանքների առումով։ Եվ խոսել այն մասին, որ ԵԱՏՄ երկրները հիմա կմիավորվեն ու կստեղծեն իրենց ֆինանսական համակարգը և այլն, այս պահին ճիշտ մոտեցում չէ, տրամաբանական չէ։ Նախ՝ պետք է հավասարակշռվեն շուկաները։ Շատ կարևոր է, որ մենք զգույշ լինենք, որ որևէ պատժամիջոցի հավանականություն ուղղակի չլինի, ու ժամանակը ցույց կտա, թե որ ուղղությամբ ենք մենք շարժվում»,-ասաց Կարեն Ադոնցը։

Տնտեսագետը շատ կարևոր համարեց ներթափանցելն այլ շուկաներ, որովհետև մենք, որոշ չափով, կորցրել ենք ռուսական և ուկրաինական շուկան։

Թուրքական շուկան, նրա համոզմամբ, չի կարող այլընտրանք լինել։

«Թուրքիայից մենք հիմնականում ներմուծելու ենք ապրանքները։ Սա չի մեր լուծումը»,-վստահեցրեց նա։

Մեր խնդիրն է, ասաց Կարեն Ադոնցը, ձևավորելն է տնտեսության ու շուկայական այն կառուցվածքը, որը մեզ հնարավորություն կտա ներթափանցել տարբեր շուկաներ։

Համաշխարհային շուկան, նրա խոսքով, որը դեռ դուրս չէր էլ եկել համավարակով պայմանավորված տնտեսական դժվարություններից, հիմա նոր հարված է ստանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից։

«Մենք այսօր արդեն գտնվում ենք տնտեսական նոր ճգնաժամի մեջ։ Թե ինչ խորության դա կունենա՝ որևէ մեկը հստակ չի կարող ձևակերպել։ Քանի որ մեր տնտեսությունը գտնվում է ցածր զարգացման մակարդակում, մեր կենսամակարդակը ցածր է, հարվածները կլինեն ավելի թեթև, որովհետև ընկածն ընկնելու տեղ չունի»,-պատկերավոր բացատրեց տնտեսագետը։

Այսուհանդերձ, նրա համոզմամբ, հարվածը կլինի և մենք պետք է պատրաստվենք այսօր՝ իր ասած մոդելով։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․