Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը պատրաստվում է դիմել միջազգային կառույցներին ու Ինտերպոլին` հետախուզումը դադարեցնելու հարցով, այնպես, ինչպես դա արվել է նախկինում Ադրբեջանի հայտարարած այլ հետախուզումների պարագայում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ադրբեջանական կողմի այսօրվա հայտարարությունը, ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՀՀ և ԱՀ քաղաքացիների, այդ թվում` ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումներն ապօրինի են ու չունեն որևէ իրավական հիմք։
«Երբ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ սկսվեցին քրեական հետապնդումների հարուցման ու հետախուզումների մասին հայտարարություններ արվել, մենք ինչպես առաջ, հիմա էլ նշում ենք և մնում այն կարծիքին, որ դրանք ապօրինի են, որևէ իրավական հիմք չունեն ու հիմնված են Ադրբեջանի կողմից վարվող այն թշնամական ու ազգային ատելության վրա, որով նաև պայմանավորված է տեղի ունեցած վերջին պատերազմը»,-ասել է Աբրահամյանը։
Դատախազի խորհրդականը նաև հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է այս հարցով դիմել միջազգային կառույցներին ու Ինտերպոլին` հետախուզումը դադարեցնելու խնդրանքով, այնպես, ինչպես դա արվել է նախկինում Ադրբեջանի հայտարարած այլ հետախուզումների պարագայում։
«Դատախազությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի մեր քաղաքացիների նկատմամբ հարուցված հետախուզումներն ու դրանց վերաբերող հարցումները միջազգային այդ խողովակներով որևէ ընթացք չստանան»,- հայտնել է Աբրահամյանը։
Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներից արձագանքել են ադրբեջանական այս հայտարարությանը՝ նշելով, մի դեպքում, որ «Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից» և «հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը»: