Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ ընդդիմությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ իշխանությունը հայտարարում է, որ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի պատասխանատուն ինքն է, և այս պայմաններում իշխանության գլխավորությամբ հանձնաժողովի աշխատանքների իրականացումը չի կարող լինել օբյեկտիվ։
«44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց մենք համարում ենք, որ դրա աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը կփոխվի», - ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձազերծվել է պատերազմ։
Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե ընդդիմությունն ասելու բան չունի։
«Եկան, գլուխները կախ՝ գնացին։ Ով, ով, բայց Գեղամ Նազարյանը պետք է մասնակցեր։ Ռոբետ Քոչարյանը թույլ չտվեց, որ մեր ընդդիմադիր գործընկերները բաց ճակատով գան ու իրենց հետաքրքրող հարցերն ուղղեն ցանկացած պաշտոնյայի։ Սա արդեն խոսում է, թե ինչ որակի ընդդիմություն մենք ունենք»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին: Ըստ ընդդիմադիրների՝ «պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»: