կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-11 15:15
Քաղաքական

Չավուշօղլուի՝ «Հայաստանը դաս է ստացել»-ը ՀՀ-ի զրոյական արժանապատվության և սուբյեկտայնության մասին է․ Ռուբեն Մելքոնյան

Չավուշօղլուի՝ «Հայաստանը դաս է ստացել»-ը ՀՀ-ի զրոյական արժանապատվության և սուբյեկտայնության մասին է․ Ռուբեն Մելքոնյան

«Հայաստանը Ղարաբաղի հաղթանակից հետո և՛ դաս է ստացել, և՛ հնարավորություն»․ Չավուշօղլուի այս հայտարարության մեջ երկու կարևոր խնդիր կա՝  առաջինն այն է, որ Չավուշօղլուն, լինելով բարձաստիճան դիվանագետ, խախտում է դիվանագիտական էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները և կիրառում է այնպիսի բառապաշար, որն ուղիղ վիրավորանք է տվյալ երկրի, այս պարագայում՝ Հայաստանի համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Սա դիվանագիտական լեզվով ամենակոպիտ ձևակերպումն է, որ կարող է անել արտգործնախարարը։ Լուկաշենկոյի հայտարարությունից հետո սա երկրորդ ապտակն էր Հայաստանին և խոսում է Հայաստանի զրոյական արժանապատվության և սուբյեկտայնության մասին։ Սա խոսում է այն մասին, որ այս իշխանությունները դուխով են միայն ներքին լսարանի համար, իրականում այս իշխանությունները մեր պատմության մեջ ամենաոչդուխով, ամենավախկոտ իշխանություններն են, որոնք որևէ կերպ չեն կարողանում արձագանքել իրական թշնամուն»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Չավուշօղլուի հայտարարության մյուս հանգամանքն է, ասաց թուրքագետը, որ դրա մեջ գրեթե չի չեն քողարկվում թուրքական հայտնի նախապայմանները։

«Այսինքն, եթե Հայաստանը դաս քաղի և ականջալուր լինի թուրքական պահանջներին, որ 30 տարի ներկայացվում են, առաջին հերթին՝ ինքնորոշված Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծմանը, ապա Թուրքիան նոր կանի հաջորդ քայլը։ Այսինքն, Չավուշօղլուի հայտարարությունն ապացուցում է, որ այս իշխանությունների տարածած թեզը, թե նախապայման չկա, սուտ է, և երկրորդը, սա վիրավորանք է Հայաստանի Հանրապետության համար»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։  

Նրա համար անընդունելի է նաև պաշտոնական Հայաստանի լռությունը «Շուշիի հռչակագրի» ընդունման ու առաջմղման ընթացքում։

Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը», որն ստորագրվել է 2021 թ. հունիսի 15-ին` նախագահների կողմից, ապա օրերս վավերացվել Թուրքիայի խորհրդարանում, թուրքագետի համոզմամբ, Հայաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի և նկրտումների դե յուրե ամփոփումն է և իրավական ամրագրումն ու ամբողջացումը։

«Եվ իհարկե, Հայաստանը առնվազն երկու առումով պետք է արձագանքի․ առաջինն՝ իր դիրքորոշումը հայտնելը «Շուշիի հռչակագրին» պարտադիր և բարոյական արձագանք է, որ Շուշիի օկուպացիայի հետ մենք համաձայն չենք և Շուշիում տեղի ունեցող մշակութային վանդալիզմի և հայկական անուրանալի հետքը ջնջելու հետ համաձայն չենք և դիրքորոշում ենք հայտնում, և երկրորդը՝ որ այդ հռչակագիրը, բացի այն, որ սպառնալիք է Հայաստանին, նաև տարածաշրջանային հավասարակշռության փոփոխության ազդանշան է, որովհետև Թուրքիայի պես դեսրուկտիվ պետության ներխուժումն այս տարածաշրջան առաջ է բերելու բավական մեծ պրոբլեմներ, անկայունություն և այլն։ Ուստի Հայաստանը պետք է դրան արձագանքի»,-վստահ է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Բացի արտաքին այս խնդրից, նրա համոզմամբ, Շուշիի հռչակագիրը պետք է դառնար Հայաստանի ներքին քննարկումների, ներքին ստրատեգիայի վերամշակման կարևոր ազդակ, որովհետև սա լրջագույն մարտահրավեր է։

«Բայց այս իշխանությունների պարագայում նրանք մարտահրավեր են տեսնում միայն իրենց դեմ խոսացողների տեսքով, մարտահրավեր են համարում Շուշին ազատագրողներին, իրական մտավորականներին և այլն։ Այնպես որ, ակնկալել, որ այս իշխանությունը կունենա այդքան ունակություն՝ տեսնելու մարտահրավերը և դրան արձագանքելու, ուղղակի միամտություն է»,-մտահոգություն հայտնեց Ռուբեն Մելքոնյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ «Շուշիի հռչակագիրը» մեր հանդեպ թուրք-ադրբեջանական վտանգների իրավական ամբողջությունն է, որը շատ, շատ մտահոգիչ է և պետք է անպայմանորեն դառնա գոնե գիտակից հանրության թիվ մեկ մտահոգության խնդիրը։

Աննա Բալյան