կարևոր
622 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-12 11:25
Քաղաքական

Իրանցի փորձագետը Երևանի համար կարևոր է համարում արաբական աշխարհի հետ շփումները՝ որպես գործիք Բաքվի հակահայ քարոզչության դեմ

Իրանցի փորձագետը Երևանի համար կարևոր է համարում արաբական աշխարհի հետ շփումները՝ որպես գործիք Բաքվի հակահայ քարոզչության դեմ

Իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը Հայաստանի համար արաբական աշխարհի հետ շփումները կարևոր է համարում անվտանգային և քաղաքական առումներով՝ ընդգծելով, որ դրա միջոցով Երևանը կարող է դիմակայել արաբական աշխարհում Բաքվի կողմից իրականացվող հակահայ քարոզչությանը:  

Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ և կովկասյան տարածաշրջանի երկրների հարցերով զբաղվող Էհսան Մովահեդիանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի և արաբական աշխարհի երկրների համագործակցության դերի ու նշանակության մասին: 

«Երբ ընդլայնում եք ձեր համագործակցությունն արաբական աշխարհի հետ, դրա միջոցով կարող եք դիմակայել արաբական աշխարհում Բաքվի կողմից ձեր դեմ իրականացվող քարոզչությանը: Այս տեսակի քարոզչությանը կարող եք դիմակայել նաև Իրանի միջոցով՝ նախևառաջ տնտեսության ոլորտում, այնուհետև քաղաքական, անվտանգային ոլորտներում և այլ միջոցներով աշխատելու միջոցով», - ասաց Էհսան Մովահեդիանը՝ կարևորելով նաև Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը։  

Իրանցի փորձագետի դիտարկմամբ՝ այդ ճանաչումը շատ կարևոր քայլ և ժեստ է եղել, ինչը լայն տարածում է գտել իրանական ու արաբական լրատվամիջոցներում: 

Մովահեդիանն, անդրադառնալով նաև Իրանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերություններին և դրանցում իսրայելական գործոնի դերակատարությանը, նշեց, որ Թեհրանը շատ լավ գիտի և քաջածանոթ է Բաքվի ու Թել-Ավիվի միջև հարաբերություններին և համագործակցության մակարդակին։

«Բանն այն է, որ Ադրբեջանը հարևան երկիր է և մահմեդական երկիր է։ Եվ մենք գիտենք, որ նրանք շատ են զարգացրել իրենց հարաբերություններն Իսրայելի հետ: Ինչ-որ առումներով դա նաև մեր սխալն է, քանի որ մենք դրան բավարար ուշադրություն չենք դարձրել: Մենք կարծում էինք, որ Ադրբեջանն իսլամական երկիր է, և Իսրայելը չի կարող ազդել նրա վրա: Մենք կարծում էինք, որ դա հնարավոր չէ: Մենք չէինք մտածում, որ նրանք կարող են նման բան անել, բայց դա տեղի ունեցավ, և դրա պատճառը, գուցե, այն է, որ մենք այդքան էլ ուշադրություն չենք դարձրել հարևան երկրներին, և հիմա ունենք այն, ինչ ունենք: Այժմ իսրայելցիներն այնտեղ են, և նրանք ազդել են Ադրբեջանի վրա: Նրանք փորձում են ազդել Բաքվի կառավարության վրա», - շեշտեց զրուցակիցն ու հավելեց, որ նման խնդրին դիմակայելու համար գոյություն ունի երկու տարբերակ։  

Միջազգայնագետի բնորոշմամբ՝ տարբերակներից մեկն ուղիղ առճակատումն է, որն ամենավատ տարբերակն է։ 

«Օրինակ՝ Բաքվում լավ չեն արձագանքում ձեզ, բայց, այդուհանդերձ, դուք անում եք հնարավորը խաղաղության հասնելու համար: Սա նման է այն ռազմավարությանը, որը մենք ունենք Ադրբեջանի նկատմամբ։ Մենք գիտենք, թե ինչ են նրանք անում և գիտենք, որ իսրայելցիներն Ադրբեջանում են, բայց փորձում ենք վերահսկել ու կառավարել իրավիճակը, փորձում ենք ազդել նրանց վրա, խոսել, բանակցել նրանց հետ: Ադրբեջանն ինչ-որ առումով դեպի ծով ելք չունեցող երկիր է: Նրանք ելք ունեն դեպի Կասպից ծով, բայց չունեն ելք դեպի միջազգային ջրեր: Հետևաբար, նրանք մեր կարիքն ունեն։ Իրանը կարող է օգտագործել սա նրանց վերահսկելու համար», - նշեց փորձագետը՝ նկատելով, որ բոլոր պարագաներում անհրաժեշտ է զգուշավոր լինել, և հենց դա է պատճառը, թե ինչու է Իրանը փորձում հանդուրժել ադրբեջանական կողմի նման պահվածքն ու գործընկերությունն Իսրայելի հետ։