կարևոր
3121 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-12 12:42
Քաղաքական

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-պորտուգալական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման հարցում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարներին: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, ինչի դրսևորումն էին ՀՀ ինքնիշխան տարանքի նկատմամբ մայիսի 11-ի հերթական սադրիչ գործողությունները: 

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև բացահայտ արհամարհանք են միջազգային գործընկերների հստակ կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: