կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 12:38
Իրավական

Հայտնվել ենք ծուղակի մեջ՝ դատավորը նույնիսկ չի կարող ինքնաբացարկ հայտնել․ Բերդի համայնքապետի փաստաբանը՝ ինքնաբացակի մերժման մասին

Հայտնվել ենք ծուղակի մեջ՝ դատավորը նույնիսկ չի կարող ինքնաբացարկ հայտնել․ Բերդի համայնքապետի փաստաբանը՝ ինքնաբացակի մերժման մասին

Մեր դատավոր Սամվել Մարդանյանը ժողովրդի ծոցից դուրս եկած անձնավորություն է, և համոզված եմ, որ ինքն էլ է համոզված, որ Հարություն Մանուչարյանը անփոխարիների անձնավորություն է և  ճիշտ որոշում է կայացնելու, ես նրա բանիմացությանն ու շրջահայեցությանը ծանոթ եմ՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանը Իջևանի դատարանում, որտեղ քննվում է Բերդի համայնքապետի դեմ հարուցված քրեական գործից առանձնացված հատվածը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։

Բերդ խոշորացված համայնքի ավագանին և վարչական տարածքների ղեկավարները նամակով դիմել են դատարանին՝ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի կալանքի որոշումը վերանայելու և նրան ազատ արձակելու խնդրանքով։ Այդ նամակը, տարբեր ատյաններ անցնելով, եկել և կցվել է քրեական գործին, և դատավորը պետք է նաև այդ հարցը քննի։

Բայց մինչ այդ Հարություն Մանուչարյանի փաստաբանը դատավոր Սամվել Մարդանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել, որի հարցով որոշումն էլ այսօր հրապարակեց դատավորը։

Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ, լսելով դատավարության մասնակիցների դիրքորոշումները, դատարանը գտնում է, որ Մանուչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը անհիմն է։

Դատավոր Մարդանյանը ինքնաբացարկ չհայտնեց և շարունակելու է քննել Հարություն Մանուչարյանի գործի առանձնացված հատվածը։

Դատավորը հիմնավորեց իր որոշումը։ Նրան ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել երկու հանգամանքից ելնելով․ հիմքերից մեկն այն էր, որ տարիներ առաջ նախկին համայնքապետը կառուցապատման իրավունքով մի շարք անձանց հողամասեր էր տվել, այդ թվում նաև դատավորի որդի Արմեն Մարդանյանին, որից հետո Հարություն Մանուչարյանը, ստանձնելով համայնքապետի պաշտոնը, այդ պայմանագրերն ուժը կորցրած էր ճանաչել, վերցրել հողատարածքները և ընդլայնել Բերդ համայնքի զբոսայգին։ Պաշտպանը համարում էր, որ դատավորի որդին զրկվել է տնտեսական շահից և, սրանից ելնելով, Սամվել Մարդանյանը գուցե կողմնակալ որոշում կայացնի։

Դատավոր Մարդանյանը, սակայն, վստահեցրեց, որ իր որոշման վրա դա չի կարող ազդել, քանի որ Հարություն Մանուչարյանը այդ որոշումը կայացրել է ոչ թե միանձնյա, այլ դա որոշել է ավագանին՝ կոլեգիալ մարմինը, հետևաբար, Մանուչարյանի մասով այդ հանգամանքի հետ կապված որևիցե տնտեսական շահերի բախման վեճ չի եղել իր որդու և համայնքապետի միջև։ Ու թեև, նրա խոսքով, այդ որոշումը եղել է ապօրինի, քանի որ ավագանին չուներ լիազորություն իր որոշմամբ պայմանագրերը չեղյալ համարելու, այլ պետք է դիմեր դատարան, բայց միևնույն է, դա այս գործի հետ չի առնչվում և որևէ դեր ունենալ չի կարող։

Ինքնաբացարկի միջնորդության երկրորդ հիմքն այն էր, որ դատավորի որդին Հարություն Մանուչարյանին խնդրել էր ընդլայնել իր ձեռք բերած անշարժ գույքը, բայց համայնքապետը նրան շինարարության թույլտվություն չէր տրամադրել։

Դատավոր Մարդանյանը վստահեցրեց, որ սա ևս հիմք չէ վերջնական դատական ակտը իր կողմից կողմնակալ կայացնելու համար, քանի որ կառավարության որոշմամբ նրա որդին պետք է ներկայացներ կոնկրետ փաստաթղթեր, որպեսզի իրեն այդ շինթույլտվությունը տրամադրվեր, բայց իր որդին ընդամենը դիմում և անձնագրի պատճեն է ներկայացրել, նաև սեփականության վկայականի պատճեն, և այդ պայմաններում համայնքի ղեկավարը չէր էլ կարող նրան շինթույլտվություն տրամադրել, եթե անգամ ցանկանար։

Այսպիսով, դատարանն արձանագրեց, որ ինքնաբացարկի ամբողջ միջնորդությունը հիմնված էր դատավորի որդու և ամբաստանյալի շահերի բախման վրա, ինչը առկա չի եղել և չի կարող ազդել դատավորի վերջնական որոշման վրա։

«Այդպիսին լինել չի կարող, քանի որ ամբաստանյալն առաջացած հարաբերություններում հանդես չի եկել որպես մասնավոր անձ, այլ իրականացրել է համայնքի ղեկավարի իր լիազորությունները։ Շինթույլտվություն տալը կամ չտալը համայնքի ղեկավարի հայեցողական լիազորություն չէ և ոչ էլ բարի կամքի դրսևորում։ Եթե անհրաժեշտ փաստաթղթերը լինեին, ապա Մանուչարյանը չէր կարող չտալ շինթույլտվություն, եթե չկան անհրաժեշտ պայմաններ, ապա չէր կարող տալ շինթույլտվություն, հետևաբար, դրանով պայմանավորված պնդել, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք կողմի հանդեպ՝ անհիմն է։  Այդպիսի վերաբերմունք չէր կարող ձևավորվել, մանավանդ որ այդ դեպքերից անցել է 10 տարի և որևէ ձևով անհամաձայնություն լարվածության աստիճանի չի դրսևորվել համայնքի ղեկավարի նկատմամբ»,-մեղադրող կողմի դիրքորոշումը ևս կարդաց դատավորը։

Մեղադրող կողմը նաև համոզված է, որ հայտնած ինքնաբացարկին և դրա հիմքերին չի հավատում հենց միջնորդություն ներկայացնող կողմը, հակառակ դեպքում ուղղակի չէին համաձայնի, որ կանխակալ վերաբերմունք ունեցող դատավորը քննարկեր իրենց միջնորդությունը։ Մեղադրողը համոզված է, որ ներկայացված ինքնաբացարկը անհիմն է և ճիշտը մերժումն է։

Այնինչ, միջնորդություն ներկայացնողը՝ Հայկ Ալումյանը, Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այդ երկու փաստերը լիարժեք բավարար են, որ դատավորը անկողմնակալ դիտորդի տեսանկյունից թվա ոչ անաչառ։

«Բայց մենք հայտնվել ենք ծուղակի մեջ․ դատավորը նույնիսկ չի կարող ինքնաբացարկ հայտնել,  եթե դրա բոլոր հիմքերն ունի, որովհետև իրեն ասված է, որ ինքը պիտի կոնկրետ այսինչ գործն անի։ Եթե միջնորդությունը բավարարի և գործը հանձնի մեկ այլ դատավորի, իր նկատմամբ նույնպես, ինչպես այլ դատավորների հանդեպ, կսկսվեն քաղաքական հետապնդումներ»,-համոզված է Հայկ Ալումյանը։

Նա բերեց դատավոր Բորիս Բախշիյանի հանդեպ, իր խոսքով՝ Փաշինյանի ցուցումով, քրեական հետապնդում սկսելու օրինակը, որի պատճառով ցանկացած դատավոր այսուհետ չի ունենալու համոզմունք, որ ինքն էլ չի ենթարկվելու քրեական հետապնդումների

Աննա Բալյան