կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 14:02
Քաղաքական

Մանուչարյանի աշխատանքը ոչ մեկը չի կարող կատարել․ Բերդի համայնքապետի կալանքը վերացնելու պահանջով՝ ավագանու անդամները նամակ են գրել դատարան

Մանուչարյանի աշխատանքը ոչ մեկը չի կարող կատարել․ Բերդի համայնքապետի կալանքը վերացնելու պահանջով՝ ավագանու անդամները նամակ են գրել դատարան

Բերդ խոշորացված համայնքի ավագանին և վարչական տարածքների ղեկավարները նամակով դիմել են Իջևանի դատարանին՝ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի կալանքի որոշումը վերանայելու և նրան ազատ արձակելու խնդրանքով։

Այդ նամակը, տարբեր ատյաններ անցնելով, կցվել է քրեական գործին, և դատավորը պետք է նաև այդ հարցը քննի։

Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանը Իջևանի դատարանում, որտեղ քննվում է Հարություն Մանուչարյանի դեմ հարուցված քրեական գործից առանձնացված հատվածը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով, Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Մանուչարյանը  ժողովրդի կողմից սիրված, հարգված անձնավորություն է։ Նա պատահական չհամարեց, որ ընտրություների ժամանակ ինքը մենակ մնացած 3 թեկնածուներից ավելի ձայն ստացավ։

«Ես երկար տարիների աշխատանքի փորձ ունեմ և կյանքի դպրոց անցած անձնավորություն եմ, և այսօր ես ոչ միայն գնահատում եմ, որ Մանուչարյանը լավ և սիրուն տղա է, այլև գնահատում եմ Մանուչարյանի աշխատանքը։ Նրա հետ 20 տարի է աշխատում ենք՝ ժողովրդի կողմից սիրված, հարգված անձնավորություն է։ Եթե անգամ նրան ազատեն ու ՔՊ-ական պաշտոնակատար նշանակեն, ես համոզված եմ, որ Մանուչարյանի աշխատանքը ոչ մեկը չի կարող կատարել, նա պոտենցիալ հնարավորությունների տեր անձնավորություն է, եթե ուզում են Շամշադինը ծաղկեցնեն՝ պիտի խափանման միջոցը փոխվի»,-ասաց Այգեձոր վարչական շրջանի ղեկավար Լորիս Միրզոյանը։

Բերդ համանքի ավագանու անդամ Սարգիս Մարգարյանը նշեց, որ բազմաթիվ ծրագրեր կան, որոնք գյուղացին չի կարողանում ի կատար ածել, որովհետև Բերդի համայքնապետը տեղում չէ․ հողային հարցեր են, ջրի հարց է․․․ տեղակալը իր պարտականությունները շատ լավ է անում, բայց որ դիմում են, թե հողը ոնց պիտի առուվաճառք անեն, համայնքապետի ներկայությունն է պետք, ու Բերդ համայնքի աշխատանքները լրիվ կաթվածահար վիճակում են։

«Ակնկալիք չունենք դատարանից, որովհետև սա լրիվ քաղաքական հետապնդում է, չեմ հավատում, որ դատավորն ինչ-որ բան կարող է փոխել։ Որովհետև Բերդ համայնքի ղեկավարը միշտ աշխատել է արդար և լավը»,-ասաց Սարգիս Մարգարյանը։

Սահմանամերձ Չինարի բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց՝ 4 տարի է համատեղ աշխատում են, և այն աշխատանքները, որ կատարել է Հարություն Մանուչարյանը, տեսանելի և շոշափելի է բնակչության կողմից։

«Բոլոր առումներով կարող եմ ասել՝ գերազանց կատարում է իր աշխատանքային պարտավորությունները։ Այսօր նրա բացակայությունը զգացվում է, քանի որ նոր տարի է սկսվել, համայնքն ունի հնգամյա ծրագիր, դա պետք է իրականացման վերջնական ավարտին հասցնել»,-ասաց նա։

Սամվել Սաղոյանը ևս անարդար է համարում, որ Հարություն Մանուչարյանին կալանքի տակ են պահում։