|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող «Baykar» ընկերությունը նախատեսում է ԱԹՍ-ների արտադրություն հիմնել Ադրբեջանում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ձեռնարկության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը։
Ադրբեջանական ԱԹՍ–ները կթողարկվեն ոչ թե «Բայրաքթար», այլ «Աքինջի» անվանումով։
«Ադրբեջանի համապատասխան կառույցները հետաքրքրված են «Աքինջի» անօդաչու թռչող սարքով: «Baykar» ընկերությունը ցանկանում է աշխատել Ադրբեջանում այդ տեխնոլոգիայի զարգացման ուղղությամբ: Մենք նախաձեռնելու ենք ինչպես դրա մշակումը, այնպես էլ արտադրությունը Ադրբեջանում»,- ասել է Բայրաքթարը ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` այդ աշխատանքում կներգրավվեն ոլորտի հետ կապված ադրբեջանցի մասնագետները։
Հավելենք, որ փետրվարի 3-ին էլ Կիևում կայացած Էրդողան-Զելենսկի հանդիպումից հետո Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել բարձր ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, որի շրջանակներում Ուկրաինայում կկառուցեն «Բայրաքթար» անօդաչու սարքերի արտադրության գործարան: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել ուսումնական կենտրոն, որը օդաչուներին կսովորեցնի կառավարել տարբեր կատեգորիաների դրոններ։
Հիշեցնենք, որ Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն ինտենսիվորեն օգտագործում էր Բայրաքթար անօդաչու սարքերը: