կարևոր
3670 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-04 20:15
Քաղաքական

Երբ իրենց աթոռը պահանջի, մեկ ժամում կդառնան այնպիսի ռուսամետ, որ բնույթով ռուսամետները կզարմանան․ Թադևոս Ավետիսյան

Այն ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են մեր երկրին, մեր երկրի վերջնական կապիտուլյացիան է։ Անունը ինչ էլ դնեն, ինչ քաղցր խոսքերով էլ փաթեթավորեն, դա իրականում ՀՀ-ի գոյության վերջի սկիզբն է։ Այս մասին Երկիր Մեդիա հեռուստաալիքի «Երկրի հյուրասրահը» հաղորդման ժամանակ նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ելքը այս իշխանության հեռացումն է։ «Իրենք ինչքան իշխանության մնան, մենք այդքան պատերազմի մեջ ենք լինելու, կորցնելու ենք և կորցնելու ենք և՛ մեր հայրենիքի տարածքները, և՛ մեր ինքնիշխանությունը, և՛ հայ ժողովրդի զավակներին»։

Ավետիսյանը ներկայացրել տարբեր ոլորտներում այս իշխանության գործունեությունը․ կոռուպցիան ավելի արմատավորված է, ինստիտուցիոնալ հիմքերով՝ թաթախված են կոռուպցիայի մեջ։ Պաշտպանողական ներուժը վերացրին։ Հարվածել են երկրի դիմադրողականության արմատներին։ Ազգային արժեքները ոչնչացնում են։ Տնտեսական կախվածությունը արտաքին դերակատարներից պատիկներով ավելացել է։ Տնտեսական ռիսկերը դարձել են անչաձելի։ Կրթությունից ազգայինը հանում են, ամհասկանալի դոկտրիններով են առաջ տանում։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքվ՝ քանի որ բոլոր դեպքերում այս իշխանությունը առաջնորդվում է իր աթոռը պահելու մղումով, պետք լինի, իրենք ամենամեծ ռուսական ագենտը կլինեն։ Թադևոսյանը համոզված է, որ նրանք եթե պետք լինի կզիջեն Ռուսաստանին, կամ Արևմուտքին, իսկ ամենացավալի փաստն այն է, որ եթե պետք լինի, նաև թշնամուն են զիջում։ «Երբ իրենց աթոռը պահանջի, մեկ օրում, մեկ ժամում կդառնան այնպիսի ռուսամետ, որ բնույթով ռուսամետները կզարմանան»։

Հարցին, թե արդյո՞ք թույլ ընդդիմություն են, որ այս վարչախումբը շարունակում է իշխանության մնալ, Ավետիսյանը պատասխանել է․ «Խոսքը բացարձակ դասական քաղաքական գործընթացների մասին չէ։ Թուրքիան, Ադրբեջանը և նաև շահերի համընկնում ունեցող այլ երկրներ՝ տեղում ունենալով իրենց սեփական իշխանությունը մեր երկրում, փորձում են ծրագիր իրականացնել, որն իրենց չի հաջողվել 100-ամյակներ։ Ունեցել են նպատակը, փորձել են, չի հաջողվել, հիմա ողջ ծավալով փորձում են։ Տեսեք՝ ինչ ռեսուրսներ ունեն, ինչ ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական․․․ Այսօր ցանկացած մարդ, որ հասկանում է այս իրավիճակը և փորձում է պայքարել, նա մեր ժողովրդի իմունիտետն ու դիմադրողականությունն է»։ Ավետիսյանը պայքարն ինստիտուցիոնալացնելու անհրաժեշտություն է տեսնում։

Զրույցի ընթացքում պատգամավոր անդրադարձել է ԵՄ անդամակցությանը տնտեսական դիտանկյունից։ Ավետիսյանը փնթի մանիպուլյացիա որակեց Փաշինյանի այն թեզը, թե ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ լինել մոտիկ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ «Ի՞նչ է, մենք չունե՞նք շահ»։ Նա ընդգծել է, որ մեր արտահանումների մեծ բաժինը գնում է ԵԱՏՄ երկրներ և ոչ ԵՄ, իսկ նավթային ռեսուրսը ներկրում ենք ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից։

Ավետիսյանի դիտարկմամբ՝ իշխանությունը հիմա էլ տնտեսական ներխուժման համար է դռները բացում, որ դառնանք թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական գերին։ «Հետո էլ գան ասեն՝ բա ի՞նչ անենք։ Այ, որ էս մի կտոր հողն էլ չտանք, գազը կանջատեն, ձմեռով կմրսենք»։

Տնտեսագետը ներկայացրել է տնտեսական մի շարք ցուցանիշներ․ «Հարկային եկամուտները մոտ 8 տոկոս՝ 44 մլրդ դրամով թերակատարվել է, չեն կարողացել հավաքել։ Պետական պարտքը մոտ 320 մլն դոլարով 3 ամսում ավելացրել են։ Հիմա ի՞նչ են խոսում։ 12,2 մլրդ դոլարի են հասցրել ՀՀ պետական պարտքը՝ 80 տոկոսով ավելացնելով»։