կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 21:35
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չեմ տեսնում Ռուսաստանի որևէ շահ, որը կապահովվի դեպի Նախիջևան երկաթգծի բացումով․ Մհեր Հակոբյան

Մինչև դեպի Նախիջևան երկաթուղին իրականություն դառնա՝ գուցե ունենանք ռազմաքաղաքական լրիվ նոր իրավիճակ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ խոսելով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի և ՌԴ փոխվարչապետի Հայաստան այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ Երասխով անցնելիք երկաթուղին Հայաստանի տարածքում գործելու է ՀՀ օրենսդրության, Ադրբեջանի տարածքում՝ այդ երկրի օրենսդրության համաձայն։

«Այս պահի դրությամբ ամեն ինչ մեծապես տեսական մակարդակում է և չի կարելի վերջնական հետևություն անել։ Այստեղ նաև մեծ հարց է, թե Ռուսաստանի Դաշնությունն ինքը ինչքան է անկեղծ շահագրգռված, որպեսզի սահմանները բացվեն, որովհետ ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ իրապես և անկեղծ ՌԴ-ն շահագրգռված չէ ճանապաչհատրանսպորտային կոմունիկացիաների լիակատար բացման հարցում»,-ասաց Մհեր Հակոբյանը։

Վերլուծաբանի կարծիքով՝ այս պահին տեղի է ունենում միջազգային քաղաքական մի թատրոն, երբ ՌԴ-ն չի կարող բացահայտ դեմ խոսել այս ամենին, քանի որ, ըստ նրա, միջազգային բոլոր խաղացողները ելնում են այն կանխավարկածից, որ իրենք բարի են։

«Ես չեմ տեսնում Ռուսաստանի որևէ շահ, որը կապահովվի երկաթգծի բացումով։ Միակ տեսական շահը կարող է լինել այն, որ Հայաստանը Ադրբեջանի իջոցով, Դերբենդի լեռնանցքով Ռուսաստանի հետ ունենա երկաթուղային կապ, բայց սա նախ՝ շատ տեսական հեռանկար է, և երկրորդը՝ բազում այլ պլյուսներ կտա ադրբեջանաթուքական կողմին, որը կգերազանցի այն պլյուսները, որը ստանալու է Ռուսաստանը»,-ասաց նա։

Մհեր Հակոբյանը Ռուսաստանի համար բացասական զարգացում է համարում այն, որ եթե ճանապարհները բացվեն, անկլավ Նախիջևանը ինտենսիվորեն կզարգանա, Թուրքիայի դերը կմեծանա և Ռուսաստանի դերն էլ, համապատասխանաբար, կթուլանա։

«Պատկերացնում ե՞ք՝ ռազմական բեռներն ուղիղ գծով անցնում են Նախիջևանի տարածք․ չես համեմատի այն իրավիճակի հետ, որ դրանք անցնեն, ասենք, ԻԻՀ տարածքով։ Հիմա հակառակ կողմից գանք՝ ի՞նչ շահ ունի Ռուսաստանի Դաշնությունը․ ոչ մի իրական շահ չունի։ Նույնիսկ այդ բեռնափոխադրումը, որ իբր թե պիտի տեղի ունենա Հայաստանից Ադրբեջանի տարածքով՝ մենք բավարար քանակի բեռներ չունենք, միակ ռեալ բեռնաքանակը կարող է ապահովել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, բայց ես վստահ եմ՝ դա այն քանակությունը չէ, որ այդ երկաթուղու կառուցման և շահագործման ծախսերը լիովին կփակի»,-ասաց Մհեր Հակոբյանը։

Ավելին, ըստ նրա այս դեպքում Ռուսաստանի դերը կնվազի տարածաշրջանում, էլ չասած՝ երբ տարածաշրջանում «խաղաղություն» լինի, ինչ որ մի պահի կարող են ասել՝ Արցախում ռուսական ռազմաբազան էլ դեր չունի, ինչը Ռուսաստանին ձեռնտու չէ։

Մհեր Հակոբյանը թերահավատ է, թե ադրբեջանական կողմում երկաթուղու իրենց հատվածն ադրբեջանցիներն արդեն կառուցում են, ասում է՝ այն ինչ տեսնում ենք ԶԼՄ-ներում, հնարավոր է մանիպուլյացիա լինի։

«Մյուս կողմից էլ՝ թող կառուցեն․ իրենց կողմից երկաթուղի կառուցելը, նույնիսկ եթե դա հետագա շարունակություն չունենա ՀՀ տարածքում, իրենց պետք է, որովհետև իրենք նախատեսում են դրանով ռազմական բեռներ տեղափոխել, մեր կողմից ժամանակավորապես կորսված տարածքները զարգացնել և այլն։ Հիմա եթե ոչինչ էլ չլինի՝ զուտ այս մասով իրենց ձեռնտու է կառուցելը։ Ավել նպատակն էլ կլինի ՀՀ տարածքով Նախիջևանի հետ կապ ունենալը։ Բայց ես վստահ եմ, որ ամեն դեպքում դա Ռուսաստանին ձեռնտու սցենար չէ»,-ասաց Մհեր Հակոբյանը։

Վերլուծաբանը խոսեց նաև դելիմիտացիա-դեմարկացիայի հնարավորությունից, ադրբեջանցիների դժգոհությունից, թե ինչու են Արցախում ստուգում իրենց ավտոմեքենաները, Արցախի ինքնորոշման գործընթացից, Թուրքիայի արձանագրումից, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը վարում է Ադրբեջանի հավանությամբ և այլն։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․