Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-02-02 15:34
Քաղաքական

Սոչիի քաղաքապետարանի վարչակազմը ներողություն է խնդրել հայ համայնքից․ համայնքի ներկայացուցիչ

Սոչիի քաղաքապետարանի վարչակազմը ներողություն է խնդրել հայ համայնքից․ համայնքի ներկայացուցիչ

Սոչիի քաղաքապետարանի վարչակազմը ներողություն է խնդրել հայ համայնքից, որ ուշադրություն չի դարձրել և պաշտոնական կայքը կոտրվել է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչ, Ռուսաստանի հայերի միության անդամ Հակոբ Հակոբյանը։

Քիչ առաջ ավարտվել է հանդիպումը, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները Սոչիի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ քննարկել են դեկտեմբերի 29-ին քաղաքապետարանի պաշտոնական կայքում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն նոյեմբերի 8-ին պետք է նշվեր Ադրբեջանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, ինչը, իբրև թե ներառվել էր Սոչիի վարչակազմի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 3222 որոշման մեջ՝ «2022 թվականի տոների, հիշարժան օրերի, նշանակալի իրադարձությունների եւ միջոցառումների օրացուցային պլանի հաստատման մասին»։ Այդ օրը տոնացույցում նշվել էր որպես «Ադրբեջանի Հանրապետության՝ Հայրենական պատերազմում 2020 թվականի հաղթանակի օր», ապա անմիջապես հանվել: Փաստը, սակայն հրապարակել էր Readovka պարբերականը։

Սոչիի քաղաքապետի տեղակալները հանդիպման ընթացքում հայ համայնքին վստահեցրել են, որ կայքը կոտրված է եղել և ինֆորմացիան տեղակայվել է հաքերների կողմից։ Վարչակազմի աշխատակիցներն այն հեռացրել են նկատելուն պես։

Սոչիի քաղաքապետարանի վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման նախաձեռնողը եղել է Ռուսաստանի հայերի միությունը։

«Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ հավաքվել ենք, Սոչիի քաղաքապետը հանդիպմանը չի կարողացել գալ, բայց ուղարկել է իր տեղակալներին։ Նրանք ասել են, որ թյուրիմացություն է եղել, ներողություն են խնդրել մեզանից, որ ուշադրություն չեն դարձրել, որ կայքը կոտրել են։ Ասացին, որ ման են գալիս, որ գտնեն՝ ով է արել։ Մենք այդպես չենք թողնելու, հետևողական ենք լինելու, որ բացահայտվի»,-ասաց Հակոբ Հակոբյանը։

Նա ենթադրում է, որ ադրբեջանցիները սա միտումնավոր են արել, որ փչացնեն հայերի հարաբերությունները ռուսների հետ, ինչը չի ստացվելու։

Ի դեպ, նմանատիպ դեպք արդեն եղել է Մոսկվայում. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը իրենց  հաղթանակի օրը նախատեսում էր նշել Մոսկվայի եվրոպական առևտրի կենտրոնի հանդիսությունների սրահում, սակայն հայ համայնքը դիմել էր իշխանություններին և իրավապահներին, և նույն օրը դեսպանությունը շտապ կերպով այդ միջոցառման անցկացումը տեղափոխել էր ԱԳՆ շենք։

Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչը վստահեցրեց, որ ադրբեջանական համայնքը Սոչիում ակտիվ չէ և իրենք թույլ  չեն տա, որ նրանք իրենց ոչ պատշաճ պահեն։ Իսկ Սոչիում, ընդհանուր առմամբ, հայ համայնքը որևէ խնդիր չունի։

«Հայ համայնքը որևէ բողոք չունի, ապրում ենք, ուրախանում ենք, ամեն ինչ լավ է, ոչ մի հարց չկա»,-ասաց Հակոբ Հակոբյանը։

Yerkir.am-ը կապ հաստատեց նաև Սոչիում Հայաստանի հյուպատոս Տիգրան Սարգսյանի հետ։ Հատկանշական է, որ երիտասարդ հյուպատոսը, փաշինյանական շատ այլ պաշտոնյաների ոճով, նախ՝ հաշիվ պահանջեց, թե ով է տվել իր հեռախոսահամարը, ապա, առանց անգամ լսելու հարցը, գոռաց՝ ես որևէ ինֆորմացիա չեմ տալիս, ու անջատեց հեռախոսը։

Աննա Բալյան