Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ համայնքի անդամներից զոհեր չկան Իրաքի հակակառավարական ցույցերի բախումներում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Իրաքում մեր աղբյուրը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 1-ից առայսօր ծավալվող ակցիաների ընթացքում սպանված ավելի քան 330 անձի թվում հայերի առկայությունը։
Նա նաև տեղեկացրեց, որ ազգային առաջնորդարանը կարճ ժամանակով փակ է եղել, բայց այժմ գործում է սովորական ռեժիմով, առաջնորդը ևս իր գրասենյակում է՝ աշխատանքի։
Ազգային վարժարանը, որն առաջնորդարանի տարածքում էր, ժամանակավորապես փոխադրել են ազգային ծերանոցի շրջակայքը (Ռէճինէ Իսքէնդարեանի կտակած հողամասը)։
Ամենշաբաթյա պատարագը, որը կատարվում է ուրբաթ օրերին Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ առաջնորդարանի սահմաններում, փոխադրվել է Ս.Կարապետ եկեղեցի, որը ծերանոցի կողքին է։
Ազգային սոցիալական և մարզական հաստատությունները բաց են, գործում են ավելի նվազ թափով, գրեթէ դադարել են միջոցառումները և հավաքույթները։
Նա նաև տեղեկացրեց, որ ի սկզբանե՝ հոկտեմբեր 1-ից, ժողովրդի բողոքը գործազրկության և կյանքի դժվար պայմանների դեմ էր, որը կուտակվել էր վերջին 16 տարիներին իրար հաջորդած կառավարությունների գործելակերպի հետևանքով։ Բայց, ըստ նրա, երբ առաջին զոհը եղավ, պահանջների սահմանը և որակը փոխվեց։
Իրաքի և Լիբանանի խնդիրները, նրա խոսքով, նման են, տարբերությունն այն է, որ Իրաքում չափազանց մեծ ուժ գործադրվեց ժողովրդի դեմ։
Անդրադառնալով Իրանի՝ նույն վիճակին հասնելուն՝ նա դժվարացավ ասել՝ դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա Իրաքի վրա։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր Իրաքում հակակառավարական ցույցերի նոր ալիքի ծավալման մասին, որը, Բաղդադից բացի, տարածվել էր Քութայում, Էն Նաջաֆում, Դիվանիայում, Բասրայում և բազմաթիվ զոհերի պատճառ դարձել։
Աննա Բալյան