Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են ԱՄՆ-ի գրավոր պատասխանը Ռուսաստանի անվտանգության առաջարկներին։
Պետդեպարտամենտը հայտնում է, թե Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է երկկողմանի հիմունքներով եւ դաշնակիցների ու գործընկերների հետ շարունակել փոխադարձ անվտանգության հարցերի շուրջ Ռուսաստանի հետ կարծիքների ըստ էության փոխանակումը։ Նա նաեւ հաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ իրենց արտաքին քաղաքականությունը եւ դաշինքները որոշելու բոլոր երկրների իրավունքը: Պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը եւ հեռացնել զորքերը ու տեխնիկան Ուկրաինայի սահմաններից։ Նա ընդգծել է, որ Ուկրաինա հետագա ներխուժումը կհանդիպի արագ եւ ծանր հետեւանքների, եւ Ռուսաստանին կոչ է արել գնալ դիվանագիտական ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին Սերգեյ Լավրովը զրույցի արդյունքներով ասել է, որ Արեւմուտքը փորձում է բոլորովին մոռանալ անվտանգության անբաժանելիության առանցքային սկզբունքի մասին, եւ այդ մասին ասվում է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարներին ուղղված ռուսական նամակում։
«Միջազգային իրավունքի այս առանցքային սկզբունքը (անվտանգության անբաժանելիությունը - խմբ.), որը համաձայնեցված է եվրատլանտյան տարածքում, մեր արեւմտյան գործընկերները պարզապես փորձում են նույնիսկ չանտեսել, այլ լիակատար մոռացության մատնել։ Եւ որպեսզի դա տեղի չունենա, երբ Վաշինգտոնից արձագանք ստացանք մեր նախնական առաջարկներին, ես մանրամասն նկարագրեցի այն, ինչի մասին հիմա խոսում ենք ձեզ հետ, եւ ուղարկեցի ԵԱՀԿ բոլոր երկրների արտգործնախարարներին եւ մի շարք այլ պետությունների, որպեսզի նրանք իմանան մեր դիրքորոշումը»,- ասել է Լավրովը։
Նախարարի խոսքով, այսօր ինքը Բլինքենին հաստատել է, որ «սա մի թեմա է, որը մենք թույլ չենք տա պարտակել, եւ մենք կպնդենք, որ անկեղծ զրույց լինի եւ անկեղծ բացատրության, թե ինչու Արեւմուտքը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները կամ ցանկանում է դրանք կատարել բացառապես ընտրողաբար՝ իր շահերից ելնելով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի արձագանքը առանցքային հարցին՝ անվտանգության անբաժանելիության մասին պայմանավորվածությունների բարեխիղճ իրականացմանը, որոնք 1999 թվականին ԵԱՀԿ շրջանակներում ձեռք են բերվել Ստամբուլում եւ 2010 թվականին՝ Աստանայում, բացասական է եղել։ Այս պայմանավորվածությունները, ընդգծել է Լավրովը, ոչ միայն նախատեսում են դաշինքների ընտրության ազատություն, այլեւ դաշինքների ընտրության ազատությունը պայմանավորում են անվտանգության ամրապնդման քայլերից խուսափելու անհրաժեշտությամբ՝ այլոց անվտանգության ոտնահարման հաշվին։ Նրա խոսքով, եվրատլանտյան տարածքում համաձայնեցված միջազգային իրավունքի այս առանցքային սկզբունքը՝ այլոց անվտանգության հաշվին անվտանգության ամրապնդման անթույլատրելիության մասին, Արեւմուտքը փորձում է լիակատար մոռացության մատնել։