Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օսմանյան ռազմական մեքենայի հաջորդ կարևոր տարրը կազմում էր տեղական ռազմաֆեոդալական ավագանու կողմից ներկայացված ծանր և միջին հեծելազորը, որն, ինքնին լինելով լավը, իր մարտական հատկանիշներով հաճախ այնուհանդերձ զիջում էր հատկապես Արևելքի այլ ուժեղ խաղացողների հեծելազորներին: Հենց դրա համար էլ, ինչպես արդեն ասվեց, օսմանյան մարտավարությունը միշտ ենթադրում էր որոշակիորեն հստակ մի ձեռագիր՝ պաշտպանության մեջ ուժասպառ անել հակառակորդի հեծելազորին և միայն վերջում գործի մեջ դնել սեփական հեծելազորային հարվածային ուժերը: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում ծանր հեծելազորը իրենից ներկայացնում էր սուլթանական բանակի հիմնական հարվածային ուժը։ Հավաքագրվելով հողատեր ազնվականներ հանդիսացող սիպահներից և զուտ մարտավարական իմաստով իրենցից ներկայացնելով եվրոպական հայտնի ասպետությանը կրկնող մի երևույթ, իրականում սիպահները միաժամանակ նաև աչքի էին ընկնում բարձր կարգապահությամբ և որակյալ ռազմական հատկանիշներով։ Ի սկզբանե կոչված լինելով հակակշռելու եվրոպական ծանր հեծելազորին` սիպահներն ունեին ծանր զենք և զինվածություն, ինչն էլ պայմանավորում էր նրանց մարտական կիրառության առանձնահատկությունները, երբ սիպահական հեծելազորը կիրառվում էր հակառակորդի շարքերին մարտի վճռական պահին ուղիղ-ջախջախիչ հարված հասցնելու նպատակով։ Հետագա հարյուրամյակներում, սակայն, սիպահական ծանր հեծելազորը աստիճանական անկում ապրեց` պայմանավորված մի կողմից հեծելազորը համալրող անհատների սոցիալական խմբի քայքայման, մյուս կողմից էլ զենքերի և մարտավարական նոր հնարքների կիրառման հետ` արդյունքում, ըստ էության, վերանալով ու իր հետևից թողնելով մի բաց, որն այդպես էլ չլրացվեց։ Եվ կրկին հետաքրքիր է նշել, սակայն, որ սիպահական հեծելազորն այդպես էլ չկարողացավ ապացուցել իր միանշանակ առավելությունը Օսմանյան սուլթանությունից արևելք տարածվող պետական միավորներից որևէ մեկի հեծելազորի որևէ տեսակի նկատմամբ` դրանց թեթև տեսակին հեռամարտում զիջելով շարժունակությամբ, իսկ ծանրի նկատմամբ էլ չունենալով որևէ շոշափելի առավելություն։
Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանի գրեթե ողջ ընթացքում օսմանյան թեթև հեծելազորը գործնականում անփոփոխ կերպով ներկայացված էր սկզբունքորեն նույն` տափաստանային քոչվոր-անկանոն տեսակով։ Այս հեծելազորի հետ սերտորեն կապված, իսկ հաճախ նաև նույնանում էր բաշիբոզուկական հեծելազորը։ Այս հեծելազորը ոչ մի հստակ սահման կամ տարանջատում այդպես էլ չունեցավ, քանի որ այն կազմող տարրերը խիստ բազմատեսակ և տարացեղ էին ու վերջինիս շարքերը, ըստ էության, համալրում էր յուրաքանչյուր ոք, ով ուներ նժույգ։ Հեծելազորի այս տեսակը կիրառվում էր հակառակորդի վրա անակնկալ հարձակումներ գործելու, հակառակորդի տարածք սրընթաց ներխուժում իրականացնելու, գերեվարության, ասպատակության, հետախուզության և նմանատիպ, անկանոն մարտերի հետ կապված այլ խնդիրներ լուծելու նպատակներով։ Ուղիղ մարտում այս հեծելազորը բավականին թույլ էր և նման պարագաներում այն աշխատում էին չկիրառել, իսկ կիրառելիս էլ վերջինս հիմնականում նախատեսված էին առաջին հարվածի պարագայում հակառակորդին, թեկուզ իր ոչնչացման հաշվին, հյուծելու համար: Միաժամանակ հարկ է նշել, որ, պայմանավորված իրենց ավազակային բնույթով, այս հեծելազորը անփոխարինելի էր հակառակորդի տարածքների ասպատակության, ինչպես նաև թվական ընդհանուր գերակշռություն ստեղծելու համար:
Եվ վերջապես Օսմանյան ռազմական համակարգում կային, իսկ հետագայում էլ աստիճանաբար ավելացան նաև այս կամ այն կարգավիճակն ունեցող դաշնակից ուժերը, ի դեմս տարաբնույթ թուրքմենների, քրդերի, թաթարների և նմանատիպ այլ ուժերի: Սրանք մարտավարական առումով հաճախ նույնանում էին օսմանյան անկանոն հետևազորի և բաշիբոզուկային տիպի թեթև հեծելազորի հետ՝ որպես կանոն, կիրառվելով մարտավարական օրինաչափությունների՝ վերևում արդեն իսկ նկարագրված սահմաններում:
Օսմանյան ցամաքային հրետանին՝ մի զինատեսակ, որն իր առաջացման հատկապես առաջին երկու հարյուրամյակներում սուլթանությանը վճռական առավելություն էր ապահովում վերջինիս հատկապես արևելյան հարևանների դեմ մղվող պատերազմներում, բաժանվում էր դաշտայինի ու պաշարողականի, թեև, հատկապես սկզբնական շրջանում, այս բաժանումը որոշակիորեն պայմանական էր։ Հրետանային ուժերը, սերտ համագործակցությամբ կիրառվելով ենիչերիների հետ միասին, ինչպես արդեն ասվեց, կոչված էին «գումակապաշտպանական» մարտում արյունաքամ անել հարձակման անցած հակառակորդի հիմնական ուժերին և հատկապես հեծելազորին։ Քննարկվող ժամանակաշրջանում մեծ էր նաև պաշարողական հրետանու արդյունավետությունը, որն ինքն իրենով, փաստորեն անդառնալիորեն անցյալի գիրկն ուղարկեց միջնադարյան տիպի պաշտպանական ամրությունները։
Օսմանյան նավատորմը, որը, ինչպես նաև մնացած զորատեսակները, անցավ փայլուն վիճակից մինչև անկման փուլ ձգվող սովորական մի զարգացում, ի սկզբանե ևս բավականին մարտունակ էր, ընդ որում այստեղ զգալի դեր ունեին նույն այս ժամանակ ակտիվացած միջերկրածովյան մահմեդական ծովահենները, որոնք գործում էին Հյուսիսային Աֆրիկայի ափերից: Հետագա հարյուրամյակներում, սակայն, կապված ռազմատեխնիկական ընդհանուր հետամնացության սկիզբ առած գործընթացի հետ, անկում ապրեց նաև սուլթանության նավատորմը, որն, ի տարբերություն իր ժամանակի շատ տերությունների նավատորմների, այդպես էլ դուրս չեկավ Միջերկրական ծովի սահմաններից:
Օսմանյան ռազմական համակարգի քանակությունն ի սկզբանե, ըստ էության, կրկնում էր փոքրասիական մյուս էմիրություններին և առանձնապես չէր տարբերվում դրանցից, ընդ որում ամենասկզբում թվաքանակով այն ինչ-որ պահ նույնիսկ զիջում էր այնպիսի փոքրասիական խաղացողների բանակներին, ինչպիսիք օրինակ Ղահրամանյանների էմիրությունն էր: Հետագայում, սակայն, կապված հարևան պետական միավորների վերացման և օսմանյան ռազմավարչական համակարգում դրանց ներառման հետ, բանակի քանակական կազմը սկսեց աճ ապրել:
1402 թվականին Բայազետ I-ը, լարելով բոլոր ուժերը, զենքի տակ դրեց մոտ 200.000 ամենատարբեր մակարդակի ռազմիկներ, իսկ արդեն կես դար անց Մեհմեդ II-ը այդքան ուժեր բերեց միայն Կոստանդնուպոլսի պարիսպների տակ՝ արդյունքում իր սուլթանության այլ մասերում բնականաբար ևս ունենալով ռազմիկների որոշակի քանակություն:
Հետագա երկու հարյուրամյակում Օսմանյան ռազմական մեքենան կրկին քանակական աճ ապրեց և ի վերջո ուժերի առավելագույն լարման պարագայում, երբ գործի էին դրվում պետության առանց բացառության և նույնիսկ կայազորային բոլոր ուժերը, սկսեց կազմել մոտ 400.000 ռազմիկ, թեև, կրկնենք, որ դա արվում էր անկանոն ուժերի կազմով, ըստ էության, միայն բոլոր ցանկացողներին զենքի տակ դնելու և որակի լուրջ կորստի հաշվին: Ավելի սովորական մակարդակում և լավ ժամանակներում օսմանյան սուլթանները ի վիճակի էին առանց իրենց նեղության տալու մարտադաշտ հանել 100.000 ռազմիկ, ուժերի որոշակի լարման պարագայում կրկնապատկել նախորդ թիվը, իսկ առանձնակի կարևոր դեպքերում էլ հարվածային բանակի ռազմիկների քանակությունը հասցնել մինչև 300.000 հոգու: Դաշտային բանակի՝ սրանից ավել քանակություն, ինչպես արդեն ասվեց, հանդիպում էր խիստ բացառիկ դեպքերում և դա ավելի շատ բացառություն էր, քան օրինաչափություն:
Մհեր Հակոբյան