Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Սովորաբար բավական խոսուն թուրք քաղաքական գործիչների լռության խորապատկերին, Կենտրոնական Ասիայի չորս թյուրքալեզու հանրապետությունների որոշմանը բավական էմոցիոնալ է արձագանքել թուրք հայտնի ռազմական թղթակից Արդա Զենտուրքը, որը YouTube-ի իր հոսքում կատարվածն անվանել է «աշխարհաքաղաքական հարված» Թուրքիային եւ դավաճանություն: «Ես չեմ հասկանում, թե ինչ է անում Անկարան։ Ես ամբողջովին շփոթված եմ:.. Ինչպե՞ս կարող ենք նման աշխարհաքաղաքական աղետ թույլ տալ, պարոն Հաքան Ֆիդան։ Ես իմ կարիերայի 50 տարիների ընթացքում նման բան չեմ տեսել։ Մենք գործ ունենք իրական քաղաքական դավաճանության հետ։ Թյուրքական այս չորս երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը, իրենց ստորագրություններով հաստատեցին, որ չեն ճանաչում թուրքական Կիպրոսը: Նրանք կանգնել են Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ նույն շարքում, որոնք Թուրքիային անվանում են Կիպրոսում օկուպանտ։ Ուզբեկստանը դեռեւս 2024 թ-ի դետեմբերին ճանաչել էր հունա-կիպրական hարավային վարչակազմը։ Հիմա նրանք բոլորը միասին ստորագրել են այն փաստի տակ, որ հս․ Կիպրոսն անօրինական է։ Սա վիրավորանք է թուրք ժողովրդին, որը 1974 թ-ին պաշտպանել է կիպրոսցի թուրքերին կոտորածներից։ Եթե այդ պետությունները ստորագրվում են հս․ Կիպրոսը ժխտող բանաձեւերի տակ, ապա թյուրքական պետությունների կազմակերպությունը կորցնում է ողջ իմաստը։ Փակեք այն: Սա ապտակ է ոչ միայն թուրքական Կիպրոսին, այլեւ հենց Թուրքիային»։ «Մենք չենք կատակում. Մենք թույլ չենք տա, որ կղզին, որի վրա թուրք զինվորների արյւոնն է թափվել, ճանաչվի այլ պետության տարածք։ Դա պարզապես դիվանագիտական սխալ չէ, դա դավաճանություն է», - հայտարարել է Զենտյուրքն իր էմոցիոնալ գունեղ ելույթում՝ խեղաթյուրելով, ինչպես թուրք կայսերականների մոտ է տարածված, փաստերը։
2022 թ-ի նոյեմբերի 11-ին Սամարղանդում տեղի ունեցավ թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ)՝ միավորման առաջին գագաթնաժողովը, որը կապված էր Թուրքիայի գլխավորությամբ «մեծ թուրան» ստեղծելու գաղափարի հետ։ Որքանո՞վ է իրատեսական այս գաղափարը եւ ի՞նչ է խոստանում տարածաշրջանին։ Հայտնի է՝ մեծ թուրանի հայեցակարգի հեղինակը եւ Էրդողանի անձնական կոնֆիդենտը ոչ այլ ոք է, քան բրիտանական ՄԻ-6 արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը: Այսինքն՝ բրիտանական թագի շահերն այս նախագծում հստակ երեւում են։ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Սամարղանդի գագաթնաժողովը, որի մեջ մտնում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը, թեեւ համարվում է ԹՊԿ-ի առաջին գագաթնաժողովը, բայց իրականում թյուրքական պետությունների առաջին միավորումը տեղի է ունեցել դեռեւս 1992 թ-ին Անկարայում։ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ, բավական արտասովոր քաղաքական գործիչ Թուրգուտ Օզալը գագաթնաժողով է հրավիրել, ուր ժամանել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի ղեկավարները: Գագաթնաժողովի օրակարգը, Միության փլուզման եւ նոր անկախ պետությունների ձեւավորման ֆոնին, դարձավ եղբայրական երկրների քաղաքան եւ տնտեսական միասնության հարցը: Բայց հաջորդ տարի Օգալը հանկարծամահ եղավ եւ երկրորդ գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ 1994 թ-ին, գլխավոր քննարկումը դարձավ թյուրքալեզու երկրների հումանիտար եւ սոցիալական համագործացությունը: Հիմնական պատճառներից մեկը, որ այդ հարթակում երկար ժամանակ այլեւս հանդիպումներ չեն եղել, այն էր, որ Կենտրոնական Ասիայի ամենամեծ երկրի՝ Ուզբեկստանի առաջնորդը, զզվել է այդ միությունում Թուրքիայի գերիշխանությունից։ Ըստ այդմ, երկրի նախագահ Իսլամ Քարիմովը սկսեց հեռու մնալ այս միավորումից, եւ առանց Ուզբեկստանի այն կորցրեց իր ամբողջականությունը:Սակայն 2009 թ-ին Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան որոշեցին վերադառնալ հարցին եւ ստեղծել թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ (ԹՊՀԽ)։ Այս նախձեռնությունն առաջ է քաշել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ով կարծում էր, որ «Ալթայի եւ Միջերկրական ծովի միջեւ ավելի քան 200 մլն եղբայրների միավորումը կարող է շատ արդյունավետ ուժ դառնալ աշխարհում»: Հետագայում միության ղեկավարությունը կրկին անցավ Թուրքիային, որի ակտիվությունը հատկապես նկատելի դարձավ Էրդղանի անձնական իշխանության ամրապնդման եւ նրա աճող տարածաշրջանային հավակնությունների շնորհիվ: Հետագայում միության կազմը սկսեց ընդլայնվել։ Այսպիսով, 2018 թ-ին Հունգարիան ստացավ դիտորդի կարգավիճակ, իսկ 2019 թ-ին Ուզբեկստանը դարձավ նրա լիիրավ անդամ: Երկու տարի անց՝ 2021 թ-ին, դիտորդ դարձավ նաեւ Թուրքմենստանը։
Իզվեստիան նշում է՝ 2022 թ-ի գագաթնժողովից անմիջապես հետո Անկարայում անցկացվել են Թուրքիայի, հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի զորավարժությունները, սակայն Տաշքենդում ձեռնպահ են մնացել դրանց մասնակցությունից։
«Վերջին տարիներին Անկարայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ ռազմական համագրծակցությունն ավելի ինտենսիվ է դարձել։ Բոլոր թյուրքալեզու երկրները ներառող ռազմական դաշինք ձեւավորելու Էրդողանի մտադրությունը Մոսկվայի մտահոգությունն է առաջացնում։ Այսպես, Թուրքմենստանը դարձել է թուրքական զենքի խոշորագույն սպառողներից մեկը։ Ղրղզստանը 2022 թ-ին ստացել է բայրաքթար անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ ոչ մահաբեր զենք, զինամթերք եւ պաշտպանության միջոցներ։ Բացառություն չէր նաեւ Աստանան, որը զենք էր ստանում, ինչպես նաեւ Անկարայի հետ պայմանագիր էր կնքում թուրքական ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։ Բացի այդ, Թուրքիայում մշտապես վերապատրաստում են անցնում Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունների զինվորականները», – գրում է պարբերականը։
Թյուրքական պետությունների ռազմական դաշինքը համարվում է պանթուրքիզմի գաղափարներից մեկը, որը «թյուրքական աշխարհի» փափուկ արտաքին էքսպանսիայի միջոցով նախատեսում է մեծ թուրանի եւ թուրանի բանակի ստեղծում: Այս ֆանտազմագորիկ երկրի աշխարհագրությունը բավականին լայն է եւ նույնիսկ արդեն քարտեզագրված – 2021 թ-ին «թյուրքական աշխարհի» քարտեզը Էրդողանին է նվիրել Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին։
Բացի ԹՊԿ-ի անդամ երկրներից, քարտեզում նշված են նաեւ Տաջիկստանը եւ Ռուսաստանի Դաշնության գրեթե 20 սուբյեկտներ՝ Յակուտիա, Բուրյաթիա, Իրկուտսկի մարզ, Ալթայ, Խակասիա, Տիվա, Օմսկի մարզ, Նովոսիբիրսկի մարզ, Կուրգանի մարզ, Չելյաբինսկի մարզ, Օրենբուրգի մարզ, Սամարայի մարզ, Սարատովի մարզ, Ուլյանովսկի մարզ, Պենզայի մարզ, Աստրախանի մարզ, Բաշկիրիա, Թաթարստան, Դաղստան: Այս բոլոր տարածքները նշված են կարմիր գույնով։ Նարնջագույն գույնով նշված են Բալկանյան թերակղզու մի շարք երկրներ, Իրանի մի մասը, Ռուսաստանի հարավային շրջանները, Սիբիրի մեծ մասը եւ Մոնղոլիայի արեւմտյան մասը, իսկ դեղինով՝ Ալթայը, Յակուտիան եւ Չինաստանի Սինցզյան – Ույղուրական ինքնավար շրջանը: 2021 թ-ին թուրքական իշխանությունները ՀԿԹՀ-ին դիտորդի կարգավիճակ են տվել թյուրքական պետությունների կազմակերպության, իսկ նրա առաջնորդ Էրսին Թաթարը որպես պատվավոր հյուր հրավիրվել է 2024 թ-ի Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովին։ Այսպիսով, ակ-Սարայի տերը համառորեն փորձում էր քարշ տալ «հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» որպես լիիրավ մասնակից՝ դրա համար կիրառելով բավական խորամանկ կոմբինացիաներ, սակայն գործընկերները սկզբունքայնություն էին ցուցաբերում։ Այս ֆոնին Կենտրոնական Ասիայի չորս թյուրքալեզու հանրապթույունների մերժումը ճանաչել ավելի քան կես դար առաջ բռնակցված հյուսիսային Կիպրոսը նշանակում է, որ նրանք հիանալի հասկանում են Թուրքիայի հետ դաշինքի խորացման ռիսկերը, որը հղի է քաղաքական սուբյեկտայնության եւ ազգային ինքնության կորստով:
Թիմուր Գարաեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի