կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-24 17:10
Տնտեսական

Քեզ բնաջնջելու ելածների հետ տնտեսական կապեր խորացնելը ևս մեկ ռումբ է. տնտեսագետ

Քեզ բնաջնջելու ելածների հետ տնտեսական կապեր խորացնելը ևս մեկ ռումբ է. տնտեսագետ

Թշնամի երկրների հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու որևէ դրսևորում, որևէ փորձ ուղղակի անթույլատրելի է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԵՊՀ  կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը փորձում է մտնել Հայաստան։

«Այս պայմաններում բարդ է պատկերացնելը, թե ինչպես կարող է ադրբեջանական որևէ ընկերություն գործունեություն ծավալել Հայաստանի տարածքում։ Եթե նման լուրեր են շրջանառվում` ենթադրում եմ, որ դրա օբյեկտիվ հիմքերը կան. պաշտոնական որոշակի թույլտվություններ կամ համաձայնություններ, այդուհանդերձ, ձեռք են բերվել։ Ամեն գնով պետք է թույլ չտալ նման ընկերությունների կամ, առհասարակ, ադրբեջանական, թուրքական կապիտալի որևէ ներկայություն մեր տնտեսությունում։ Գաղտնիք չէ այն թշնամական վերաբերմունքը, որ ունեն այդ երկրները մեր նկատմամբ. մեկ, մեկուկես տարի առաջ գործնականում համոզվեցինք դրանում։ Մեզ այս տարածաշրջանում բնաջնջելու ձգտում ունեցող երկրների հետ տնտեսական հարաբերություններ խորացնելը ևս մեկ ռումբ է, և  պետք է թույլ չտանք, որ  այդ ռումբը տեղադրվի»,- ասաց տնտեսագետը։

Կառլեն Խաչատրյանի կարծիքով` Թուրքիայի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսությունը զարգացնելը չէ, Թուրքիայի նպատակը մեզ այս տարածաշրջանից դուրս մղելն է` թե՛ բնաջնջման եղանակով, թե՛ տնտեսական կամ այլ հնարավոր գործիքներով։

«Վստահ եմ` Թուրքիան թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական բոլոր հնարավոր լծակները օգտագործելու է մեզ` որպես իր թշնամու, տարածաշրջանից դուրս մղելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին, ապա նորից կասեմ, որ անհնար է թշնամական երկրի հետ տնտեսական հարաբերություններ զարգացնել։ Թուրքիան, վստահաբար,  ունի մեծ ցանկություն մտնելու Հայաստանի տնտեսություն, ներդրումներ կատարելու և այլն, բայց դրա հիմանական նպատակը ոչ թե Հայաստանի տնտեսությունը զարգացնելն է, այլ Հայաստանում տնտեսական լծակներ ունենալը և այդ եղանակով մեզ թուլացնելն ու ճնշելը»,- ասաց բանախոսը։

Տնտեսագետն առաջ է բերում Վրաստանի և Ուկրաինայի օրինակը, որտեղ, այսպես կոչված, թավշյա հեղափոխություններից հետո իշխանության են եկել քաղաքական ուժեր, որոնք ակնհայտորեն հակառուսական քաղաքականություն են իրականացրել։ Այդ քաղաքականության արդյունքում հետզհետե դուրս է մղվել ռուսական կապիտալը, և բացը լրացրել է թուրքական կապիտալը։ Վրաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը Թուրքիան է։ Վրաստանը Թուրքիայի համար դարձել է հանքահումքային կցորդի նման մի բան։

«Մեր տնտեսությունը շատ ավելի փոքր է, ներկա իրողություններում՝ շատ ավելի թուլացած, և մոտավորապես կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի դրա հետ  թուրքական կապիտալի ներկայությունից հետո կամ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման արդյունքում»,- նշեց տնտեսագետը։

Արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը հավասարը հավասարի նման կարող է մրցել թուրքական և ադրբեջանական տնտեսությունների հետ: Տնտեսագետի կարծիքով` ո՛չ, քանի որ վերջին մի քանի տարիներին տնտեսական քաղաքականության վարման արդյունքում մենք ո՛չ ռազմավարական նպատակներ ենք մեր առջև դնում, ո՛չ երկարաժամկետ պլանավորում։

«Մենք ընթացիկ ծագող խնդիրներին փորձում ենք էպիզոդիկ լուծումներ տալ, ինչի արդյունքում ունենք այս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Տնտեսության ներկայիս իրավիճակը բավական մտահոգիչ է, և այս պայմաններում մրցել կամ հարաբերություններ խորացնել երկրների հետ, որոնք ուղղակիորեն քեզ բնաջնջելու նպատակ ունեն, կործանարար կարող է լինել մեր երկրի համար»,- եզրափակեց Կառլեն Խաչատրյանը։

 

                                            

                                                                    Լենա Կարապետյան