կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-12 14:24
Հասարակություն

Հայաստանի 4 քաղաքներում շինթույլտվությունն այսուհետ կտրվի միայն էլեկտրոնային դիմումներով․ ՏԿԵՆ

Հայաստանի 4 քաղաքներում շինթույլտվությունն այսուհետ կտրվի միայն էլեկտրոնային դիմումներով․ ՏԿԵՆ

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եղվարդ, Էջմիածին, Մասիս և Վանաձոր համայնքներում շինթույլտվություն ստանալու համար այլևս պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից  հայտնում են, որ այս որոշումը ՀՀ մյուս համայնքներում պարտադիր կդառնա 2024 թվականի դեկտեմբերի 30-ից։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, մարզպետերի և նշված 4 համայնքների ղեկավարների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։

Նախարարն ընդգծել է, որ Քաղաքաշինության ոլորտը բավական բարդ ոլորտ է, շատ խնդիրներ կան և շինթույլտվությունների ստացումը էլեկտրոնային եղանակով իրականացնելը գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ։ Նախարարը կարևորել է նոր գործընթացը կյանքի կոչելու ճանապարհին համատեղ աշխատանքը։

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ այս էլեկտրոնային հարթակով իրենք գնում են քաղաքաշինության ոլորտում գործընթացները պարզեցնելու ճանապարհով։ Այսուհետ քաղաքացին, կառուցապատողը դիմելով շինթույլտվության համար կարող է տեսնել ու հետևել իրենց դիմումի ամբողջ ընթացքին՝ դիմելու օրվանից մինչև վերջնական որոշում։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյան իր հերթին նկատել է, որ շինթույլտվությունների գործընթացը էլեկտրոնային դարձնելու նպատակն է կրճատել վարչարարությունը, կրճատել ծախսվող ժամանակը, ապահովել ավելի բարձր փոխգործելիության մակարդակ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, մատակարար և կառուցապատող կազմակերպությունների միջև:

Էլեկտրոնային եղանակով կառուցապատման թույլտվությունները կտրվեն e-permits համակարգի միջոցով: