կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-14 13:03
Հասարակություն

Պարտադիր վճարների դեմ պայքարողները կոչ են անում դատարանները հեղեղել դիմումներով

Պարտադիր վճարների դեմ պայքարողները կոչ են անում դատարանները հեղեղել դիմումներով

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրականության հարցը մարտի 28-ին պետք է քննարկվի Սահմանադրական դատարանում: Իսկ հունվարի 25-ին ՍԴ-ն պետք է որոշում կայացնի օրենքը ժամանակավորապես կասեցնելու մասին:

 

Մինչ այդ՝ հունվարի 18-ին`  ժամը 14:00-ին,  Ազատության հրապարակում կկայանա հավաք-երթ՝ ընդդեմ «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի:

 

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամների խոսքով՝ ակցիան նպատակ ունի հանրությանը հերթական անգամ իրազեկելու, որ ուժի մեջ է մտել հակասոցիալական, հակասահմանադրական օրենք:

 

«Սա պարապ մնացած և արկածախնդիր երիտասարդների գործ չէ»,- ասաց խմբի անդամ Դավիթ Մանուկյանը և հավելեց, որ ՍԴ-ն իրենց համար վերջնակետ չէ, ոչ էլ` հանգրվան, և որ կարևորը համախմբված ՀՀ քաաքացիներն են:

 

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ դիտարկումներին, Մանուկյանը կոչ արեց ավելի լուրջ բաներով զբաղվել: «Պետք չէ դրա վրա շեղվել, հիմա` փառահեղ ՀՀ-ի ոչ այնքան փառահեղ նախագահն իր կարծիքը հայտնել է, ես չեմ կարծում, որ սա այն հարցն է, որի շուրջ մենք պետք է մեր էներգիան վատնենք»,-ասաց նա:

 

Նշենք, որ նախաձեռնության անդամները նաև մտադիր են քաղաքացիական անհնազանդություն դրսևորել, մասնավորապես` փողոցները փակել, գործադուլ հայտարարել և այլն:

 

Խմբի մեկ այլ անդամ` Սևակ Ծատուրյանն էլ կոչ արեց քաղաքացիներին` չընտրել ֆոնդի կառավարիչներ: «Ճիշտ է, եթե մենք չընտրենք մեխանիկորեն, մեր փոխարեն կընտրեն և մեր գումարները կտանեն, սակայն նրանք կհասկական, որ մարդիկ չեն ընդունում այդ օրենքը»,- ասաց նա և հավելեց. «Երբ մեր փոխարեն ընտրում են ֆոնդերը և մեր գումարները տանում են, մենք իրավունք ունենք դիմելու դատարան»:

 

Խմբի անդամները կոչ արեցին քաղաքացիներին՝ իրենց աշխատավարձերի առաջին պահումից հետո դիմել դատարան և դատարանները հեղեղել դիմումներով: