Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 1-ից կյանքը թանկանալու է ոչ միայն ուղղակի գնաճի, այլև մի շարք օրենսդրական փոփոխությունների պատճառով, որոնք մեր աշխատավարձից ավելի շատ գումար են հանելու և տալու տարբեր հիմնադրամների ու պետությանը։
Պարտադիր կուտակային կենսաթոշակների համար, օրինակ, աշխատավարձից վճարվող ամենամսյա գումարն այս տարի զգալի ավելանալու է․ եթե հունվարի 1-ից առաջ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները դրա 3,5 տոկոսն էին տալիս պարտադիր կուտակայինին, ապա հունվարի 1-ից տալու են 4,5 տոկոսը։
Սա, մասամբ, կհավասարակշռվի եկամտահարկի՝ 1 տոկոսով նվազեցման պայմաններում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը․ 22%-ի փոխարեն եկամտահարկի դրույքաչափը կդառնա 21%, այսինքն, այնտեղ 1 տոկոս կավելանա, այստեղ 1 տոկոս կպակասի։ Բայց այստեղ մեկ այլ խոշոր խնդիր կա․ հունվարից Հայաստանն անցնում է համահարթեցված եկամտահարկի, այսինքն, շատ ու քիչ եկամուտ ստացողները միևնույն չափով են հարկ տալու, ինչը տնտեսագետը անարդար է համարում։
«Ամբողջ խնդիրը համահարթ եկամտահարկն է, այսինքն, բոլոր դեպքերում, անկախ եկամտի չափից նույն եկամտահարկն են վճարում, և պրոգրեսիվ եկամտահարկը 2020 թ-ի հունվարի 1-ից չի գործում։ Սա է խնդիրը։ Այսօր ավելի սրվել է այդ խնդիրը, քանի որ գնաճի պայմաններում ավելի մեծ հարված և սոցիալական խնդիրներ են ունենում ցածր եկամուտ ունեցողները՝ աշխատող աղքատները, օրինակ։ Այս պարագայում, որպես կանոն, պետությունները կիրառում են իրական պրոգրեսիվ հարկումը, այսինքն, շատից շատ են հարկում, քչից՝ քիչ, որը մեր երկրում հունվարի 1-ից չի գործելու։ Կարծես թե բոլոր սոցիալական խնդիրները լուծել են, հիմա էլ գնացել են համահարթ եկամտահարկին»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Մյուս կողմից էլ, նրա խոսքով, պետական, սոցիալական քաղաքականությունը պետք է թիրախավորված լինի, որովհետև իրապես գնաճը առաջնային հարվածը հենց հասցնում է սոցիալապես խոցելի խավերին, այդ թվում ցածր եկամուտով աշխատողներին կամ թոշակառուներին, ովքեր առանց այն էլ չեն ստանում նվազագույն սպառողական զամբյուղին համապատասխան թոշակներ, նպաստներ և աշխատավարձեր։
Սրան գումարած՝ հունվարի 1-ից ջրի, էլեկտրաէներգիայի ու գազի գներն են էլ ավելի բարձրանում։
«Էլեկտրաէներգիայի սակագինը միջինը մոտ 5-5,5 դրամով թանկանալու է, ըստ էության նաև ջրի սակագինն է արդեն բարձրացել և հստակ հիմքեր կան, որ կավելանա նաև գազի սակագինը։ Սրանք ոչ միայն անմիջապես ազդում են մարդկանց եկամուտների վրա, այսինքն, ծախսերն են ավելացվում, նաև սրանք ինքնին արդեն լրացուցիչ գնաճ առաջացնող գործոններ են»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Մինչև 200 կՎտժ սպառողների համար էլեկրաէներգիայի ցերեկային գինը 44.98 դրամից կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամից՝ 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառողների էլեկտրաէներգիայի ցերեկային գինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 48.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Իսկ 400 կՎտժ-ից ավելի սպառում ունեցողների համար ցերեկայինը՝ 47.98 դրամի փոխարեն կդառնա 53.48 դրամ, գիշերայինը՝ 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ:
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, գազի և ջրի սակագների բաձրացումը ոչ միայն անմիջականորեն են ազդում մարդկանց ծախսերի ավելացման վրա՝ դրանք ամենօրյա ծախսեր են, որոնք պիտի կատարվեն, դրան զուգահեռ նաև դրանք լրացուցիչ գնաճ առաջացնող գործոններ են։ Այսինքն, դրանք նաև ավելացնում են արտադրության և ծառայությունների մատուցման ծախսերը, և վերջնարդյունքում սպառողն է, իրականում, ավելի թանկ գնով վճարում այդ ծախսերի համար»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ սրա համար են իրենք բազմաթիվ անգամ ասել, որ գնալով մարդկանց սոցիալական խնդիրներն ավելանում են, իսկ լուծումները համարժեք չեն այդ սոցիալական ավելացող խնդիրներին։
«Հետևանքն էլ՝ աղքատության աճ, նաև ծայրահեղ աղքատության աճ, և նաև մարդկանց ընդհանուր կյանքի որակի նվազում»,-ասաց տնտեսագետը։
Բայց սա էլ ամենը չէ․ հունվարի 1-ից կավելանան ապրանքների մերմուծման մաքսատուրքերը․ ներմուծվող թռչնամսի մաքսատուրքն, օրինակ, աճել է 30 տոկոսով, բրնձինն ու մարգարինինը` 2 տոկոսով, կարտոֆիլի և լոբու սերմերինը՝ 1 տոկոսով։ Բարձրացել են նաև թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի ու մետաղների մաքսատուրքերը՝ ոսկունը 3-6 տոկոսով, արծաթինը՝ 5 տոկոսով։ Այս տարվանից բարձրանում են նաև էթիլային սպիրտի, սպիրտային խմիչքների, ծխախոտի և մի շարք այլ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչը հանգեցնելու է դրանց վերջնական գների բարձրացմանը։
«Սա, միանշանակ, կբարձրացնի սպառողական ապրանքների գները, որովհետև դրանք անուղղակի հարկեր են, և պարզ տրամաբանությամբ անուղղակի հարկերը վճարում է սպառողը։ Անուղղակի հարկերի, ակցիզային հարկերի բարձացումը միանգամից ավելացնում է ներմուծվող ապրանքների գները և իր հերթին բերում է լրացուցիչ գնաճի․ ներմուծվող պատրաստի վերջնական սպառման ապրանքներն են թանկանում, և նաև թանկանում է ներմուծման բաղադրիչ ունեցող տեղական արտադրանքը, այսինքն, այն ապրանքների գները, որոնց հումքը, նյութերը կամ այլ ռեսուրսներ օգտագործում են ներմուծման մեջ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Այս ամենին էլ գումարվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գումարը, որն ավելացել է դեռ անցյալ տարի՝ ըստ աշխատավարձի չափի հասնելով 1500-5500 դրամի։
Եզրակացությունն այն է, որ նույն աշխատավարձով առաջվա պես ապրել արդեն չի ստացվելու․ այնպես որ, պետք է փոխել կա՛մ աշխատավայրը, կա՛մ աշխատավարձը, կա՛մ էլ արմատապես՝ կառավարությունը։
Աննա Բալյան