կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-03 23:43
Քաղաքական

Ալիևը չի կարող գործեր վարել ԱՄՆ-ի հետ առաջվա պես. Ներկայացուցիչների պալատի որոշումը Վաշինգտոնի առաջին ազդակն էր

Ալիևը չի կարող գործեր վարել ԱՄՆ-ի հետ առաջվա պես. Ներկայացուցիչների պալատի որոշումը Վաշինգտոնի առաջին ազդակն էր

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի ուղղումը Ադրբեջանին ռազմական օգնության մի մասի դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի առաջին ազդակն էր Ալիևին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացյալ Նահանգների հետ այնպես, ինչպես սովոր էր նախկինում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հիշեցնելով, որ նախագահ Ջո Բայդենը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր խոստացել դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին:

«Բայդենը դրա մասին խոսել է հրապարակայնորեն: Այժմ՝ Բայդենի ընտրվելուց ամիսներ անց, Կոնգրեսը առաջին անգամ հնարավորություն ուներ հրապարակայնորեն որոշում կայացնելու, և կոնգրեսականները հստակ ցույց տվեցին, որ ուզում են կրճատել Ադրբեջանին հատկացվող օգնությունը: Հատկանշական է, որ Կոնգրեսի անդամներից որևէ մեկը չպաշտպանեց Ադրբեջանին և որևէ մեկը չաջակցեց նրան ռազմական օգնություն հատկացնելու ծրագրին», – մեկնաբանեց Արամ Համբարյանը՝ նշելով, որ Ներկայացուցիչների պալատի անդամները ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեցին, քանի որ թե՛ իրենց և թե՛ շարքային ամերիկացիների համար անհասկանալի է, թե «ինչո՞ւ պիտի ամերիկացիները փող և ռազմական օգնություն ուղարկեն միլիարդատեր, բռնավոր, ռասիստ, հակահայ Ալիևին»:

Համբարյանի խոսքով՝ կոնգրեսականները շատ պարզ ու հստակ պատասխան տվեցին այդ հարցին՝ ասելով, որ «եկեք դադարեցնենք ռազմական օգնությունը Ադրբեջանին»:

Այժմ Հայ Դատի հանձնախումբն ու հայերի աջակիցները ջանքեր կգործադրեն, որպեսզի Փալոնի ուղղումը հաստատվի նաև Սենատում՝ ամերիկյան խորհրդարանի վերին պալատում: Բայց շատ կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանին հատկացվող ռազմական այն օգնությունը, որը կդադարեցվի Փալոնի առաջարկած լրացման շնորհիվ, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության մի փոքր մասն է միայն: Արամ Համբարյանի տվյալներով՝ խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է:

Մինչդեռ օգնության մեծ մասը տրամադրվում է Պաշտպանության դեպարտամենտի ծրագրերով:

Համբարյանի խոսքով՝ Պենտագոնի խողովակով տրամադրվող օգնությունը դադարեցնելու տարբեր ուղիներ կան, որոնցից մեկը «Ազատության Աջակցության Ակտի» հայտնի 907-րդ հոդվածը նորից ուժի մեջ մտցնելն է, մյուսը՝ կասեցնել ԱՄՆ օրենսդրության Զինված ուժերի մասին օրենքի 333-րդ հոդվածը, որը Պաշտպանության դեպարտամենտին լիազորում է գործընկերային հարաբերություններ զարգացնել օտար երկրների հետ՝ նրանց տրամադրելով ռազմական աջակցություն:

«Այդ փողերը տրամադրվում են Ադրբեջանի զինված ուժերին և նրանք օգտագործում են տրամադրված տեխնոլոգիաները, սպառազինությունը և ռազմամարզական կարողությունները հայերի դեմ: Միամտություն է կարծել, որ կարելի է Ադրբեջանին ռազմական կարողություններ տրամադրել, և նա չօգտագործի այդ կարողությունները հայերի դեմ: Այդպիսին է Ադրբեջանի գործելակերպը: Ինչ նրան տալիս ես՝ օգտագործում է հայերին սպանելու համար»,- բացատրեց Արամ Համբարյանը:

Հայ Դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակի ղեկավարը դժվարանում է կանխատեսումներ անել՝ կհաջողվի՞, արդյոք, նորից ուժի մեջ մտցնել 907-րդ հոդվածը, թե ոչ, բայց խոստանում է, որ աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարելու:

«Ես վաղուց կանխատեսումներ չեմ անում, բայց դա մեր նպատակն է, և մենք օրուգիշեր աշխատում ենք այդ ուղղությամբ»,- շեշտեց Արամ Համբարյանը:

ԱՄՆ օրենսդրության Զինված ուժերի մասին օրենքի 333-րդ հոդվածը (10 USC § 333) լիազորում է Պաշտպանության դեպարտամենտին ռազմամարզական և սպառազինման աջակցության ծրագրեր իրականացնել մեկ և ավելի օտար երկրների հետ: Այս հոդվածի շրջանակում Պենտագոնը «գործընկերային կարողությունների զարգացման» ծրագրեր է իրականացնում: Հենց այդ ծրագրի շրջանակում է Պենտագոնը Ադրբեջանին տրամադրում ամերիկյան ռազմական օգնության առյուծի բաժինը:

Հուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ դեմոկրատ Ֆրենկ Փալոնի ներկայացրած երկկուսակցական ուղղումը (#PalloneAmendment) 2022 թ. բյուջեով նախատեսված արտաքին օգնության մեջ փոփոխություններ անելու և Ադրբեջանին ֆինանսական և ռազմամարզական աջակցության տեսքով հատկացվող ռազմական օգնությունը սահմանափակելու մասին: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը՝ ընդգծելով, որ Փալոնի ուղղումը վայելում է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը իր ելույթում ասել է, որ առաջարկված ուղղման ընդունումը ցույց կտա, որ Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է Բաքվի բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես երբ այդ ագրեսիան ուղղված է երիտասարդ ժողովրդավարության՝ Հայաստանի Հանրապետության դեմ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը հզոր ազդանշան է ուղարկում Ադրբեջանի ալիևյան դիկտատորական ռեժիմին, որ նրանց շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ չի պարգևատրվելու ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող ռազմական օգնությամբ:

Կոնգրեսի կողմից 1992 թվականին ընդունված «Ազատության Աջակցության Ակտի» այսպես կոչված «907 հատվածը» (Section 907), որն ավելի շատ հայտնի է իբրև 907-րդ հոդված կամ 907-րդ բանաձև, արգելում էր ԱՄՆ կառավարությանը ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սակայն, նախագահ Ջորջ Բուշը Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմեց Սենատին՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել 907-րդ հոդվածը և Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում օժանդակելու հնարավորություն տալ: Այդ ժամանակներից սկսած 907-րդ հոդվածի շրջանցումը շարունակվել է իներցիայի ուժով:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի տվյալներով՝ վերջին երեք տարում Բաքուն մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել Վաշինգտոնից:


Արամ Սարգսյան