Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հայ առաքելական եկեղեցու 13-րդ դ. Սբ Բարդուղիմեոսի վանքը Վանի Բաշքալե շրջանում թուրքական իշխանությունների կանխամտածված և հանցավոր անգործության հետևանքով ոչնչացման եզրին է։
Ըստ Fırat գործակալության՝, 2011 թվականին նահանգապետարանի վարչակազմը հայտարարել էր հայկական վանքը վերականգնելու ծրագրերի մասին, սակայն տասը տարվա ընթացքում ոչ մի քայլ չի արվել։
Հիմնադրվել է Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վայրում՝ մ.թ. 1-ին դարում։ Վանքը լքվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-1916 թվականներին անցել է թուրք զինվորականների վերահսկողության տակ և այդ ժամանակվանից գտնվում է թուրքական բանակի բազայի տարածքում, որը 1990-ական թվականներից օգտագործվել է որպես հատուկ զորամասի հենակետ։ Վանական համալիրը մեծապես տուժել է 1966 թվականի երկրաշարժից։ Եկեղեցու գմբեթը կանգուն է եղել մինչև 1960-ական թվականները, սակայն դրանից հետո ամբողջ կառույցը աստիճանաբար փլուզվել է, և գմբեթից ոչինչ չի մնացել։ Ռազմաբազան այլ վայր տեղափոխելուց հետո օբյեկտը փոխանցվել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը։
Վանի Բնապահպանական ասոցիացիայի նախագահ Ալի Քալչըքի խոսքով՝ պատմական վայրի ոչնչացումը ցեղասպանական մտածելակերպի շարունակությունն ու դրսեւորումն է։ Նա ասել է, որ Վանում ոչնչացվում է հայոց պատմությունը։ Գանձագողերը արագացրել են եկեղեցու ավերումը՝ գանձեր փնտրելու համար փոսեր փորելով։
Քալչըքը շեշտել է, որ իշխանությունների հայտարարած վերականգնումը չի իրականացվել, իսկ եկեղեցուց միայն մեկ պատ է մնացել։
«Պաշտոնական գաղափարախոսության համաձայն՝ գանձերը միշտ թաղված են քրիստոնեության խաչերի տակ։ Այս մտածելակերպը կործանարար է։ Արդյունքում՝ ոչնչացվում են Միջագետքի արժեքները», - նշում է ասոցիացիայի ղեկավարը։