կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-03 16:16
Տարածաշրջան

Թոմարզայի հայկական եկեղեցին ավերման եզրին է

Թոմարզայի հայկական եկեղեցին ավերման եզրին է

Թուրքիայի Կեսարիա նահանգի Թոմարզա գավառում գտնվող հայկական պատմական Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու տանիքն աստիճանաբար ճաքեր է տալիս և փլվում, իսկ եկեղեցու սյուների ծեփերը թափվում են: Թոմարզայի մշակութային միության նախկին նախագահ Հասան Գյուրբյուզը նշում է, որ եկեղեցին ավերման եզրին է: «Մեր մեծագույն ցանկությունն է, որ անհետացած որմնագրերով այս եկեղեցին վերանորոգվի և ծառայի զբոսաշրջությանը»,- ասում է նա:

Թոմարզայի շուկայի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին կառուցվել է 1837 թ.: 1915 թվականից հետո որոշ ժամանակ ծառայել է որպես դեպո և կինոթատրոն, իսկ դրանից հետո` մատնվել անուշադրության: Նշվում է, որ Կեսարիայի Հատակագծման և հուշարձանների վարչությունը և Մշակութային և բնական արժեքների պաշտպանության խորհուրդը որոշել էին եկեղեցին վերանորոգել և վերափոխել, սակայն այդպես էլ չեն արել. հայտնում է mynet.com կայքը:

Գյուրբյուզը, պնդելով, որ եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում, նշում է, որ եկեղեցին պատմական ու ճարտարապետական տեսանկյունից կարևոր մշակութային ժառանգություն է: «Որոշ ժամանակ որպես դեպո օգագործված, այնուհետև ժողովրդի համար որպես կինոթատրոն ծառայած եկեղեցին այժմ փլուզման եզրին է: Այս պահին պահպանվում են որմնանկարները: Աղավնու բույնի վերածված եկեղեցին անուշադրության և անտարբերության հետևանքով ավերման վտանգի տակ է: Ակնկալում ենք նահանգի Մշակութային և զբոսաշրջության վարչության պաշտոնյաների արձագանքը: Թոմարզայում գտնվող եկեղեցին տեղական և արտերկրյա պատմություն սիրողների համար տեսարժան վայր է: Հուսով եմ` եկեղեցին չի վերանա և կնորոգվի»: