Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ազգային պաշտպանության օրենքը (NDAA) 2022 ֆինանսական տարվա համար, որը նախատեսում է 770 միլիարդ դոլարի պաշտպանական կարիքներ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Այս ամսվա սկզբին Սենատն ու Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել էին Պաշտպանության նախարարության քաղաքականությունը հաստատող օրինագիծը:
Ինչպես նշվում է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ, փաստաթուղթը նախատեսում է հատկացումներ պաշտպանության նախարարության ծրագրերի, ռազմական օբյեկտների կառուցման, ազգային անվտանգության եւ հետախուզական ծրագրերի ոլորտում էներգետիկայի նախարարության նախագծերի համար։
Սպիտակ տունը երախտագիտություն է հայտնել Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովների ղեկավարներին եւ բարձրաստիճան անդամներին, որոնք ղեկավարել են օրինագծի մշակումը։
2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն նախատեսում է ռազմական ծախսերի ավելացում մոտ 5 տոկոսով՝ անցյալ տարվա համեմատ։ Վերջնական փաստաթուղթը դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ ինտենսիվ բանակցությունների արդյունք է, որոնք ձգձգվել էին Չինաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության շուրջ վեճերի պատճառով:
Օրենքը նախատեսում է զինվորականների աշխատավարձերի 2,7 տոկոսով բարձրացում, ինքնաթիռների ու նավերի գնումների ավելացում։ Փաստաթուղթը նաեւ նախանշում է աշխարհաքաղաքական սպառնալիքների, հատկապես Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ պայքարի ռազմավարություն:
Բացի այդ, այն նախատեսում է 300 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու նախաձեռնության շրջանակներում, 4 միլիարդ դոլար՝ Եվրոպական պաշտպանության նախաձեռնության շրջանակներում եւ 150 միլիոն դոլար՝ Բալթյան երկրներում անվտանգության համագործակցության համար:
Օրինագիծը նաեւ 7,1 միլիարդ դոլար է նախատեսում Խաղաղօվկիանոսյան զսպման նախաձեռնության համար: Բացի այդ, փաստաթուղթը ներառում է Կոնգրեսի հայտարարությունը՝ հաջակցություն Թայվանի պաշտպանությանը, ինչպես նաեւ արգելք է դնում Չինաստանի Սինցզյան շրջանում հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների գնման վրա։
Փաստաթուղթը նաեւ դրույթ է պարունակում 16 հոգուց բաղկացած հանձնաժողովի ստեղծման մասին, որը կվերլուծի Աֆղանստանում օգոստոսին ավարտված ռազմական արշավը։