Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ստորագրել է պաշտպանական օրինագիծ, որը թույլ է տալիս ԱՄՆ կառավարությանը՝ վերահսկել և գնահատել Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի ծրագրի տարածման՝ ազգային անվտանգությանը սպառնացող հետևանքները. հաղորդում է թուրքական Birgün-ը:
Օրինագիծը թույլ է տալիս Պետդեպարտամենտին և Պենտագոնին՝ զեկուցել 2018 թվականից ի վեր թուրքական անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին, պարզել՝ արդյո՞ք այդ անօդաչու սարքերը պարունակում են ամերիկյան արտադրության մասեր կամ տեխնոլոգիաներ։ Այն նաև պահանջում է Պետքարտուղարությունից պարզել, թե արդյո՞ք Թուրքիայի արտահանումը խախտում է սպառազինությունների արտահանման վերահսկման օրենքը:
«Փաստաթուղթն էապես կբարելավի ԱՄՆ կառավարության՝ Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի ծրագրի տարածման՝ ազգային անվտանգությանը սպառնացող հետևանքները վերահսկելու և գնահատելու կարողությունը, ինչպես նաև կկանխի հետագա բացառությունները՝ շրջանցելով Ադրբեջանի կառավարությանն ԱՄՆ ռազմական օգնությունն արգելող՝ 1992 թ. օրենքը»,- ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը։
Ենթադրվում է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերն օգնել են ապահովել Ադրբեջանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղում: Թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչուների «աննախադեպ պահանջարկ» կա այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Մարոկկոն և Ուկրաինան, Անգոլան, Եթովպիան, Նիգերը, Նիգերիան և Ռուանդան:
«Թուրքիայի կողմից անօդաչու թռչող սարքերի վաճառքը վտանգավոր է, ապակայունացնող և սպառնալիք խաղաղությանն ու մարդու իրավունքներին»,- ասել է Մենենդեսը՝ պնդելով, որ «ԱՄՆ-ը չպետք է ներգրավվի, և այս օրինագիծը ճանաչում է, որ մենք պետք է թույլ չտանք ամերիկյան մասերի ընդգրկում այս թուրքական զենքերի մեջ»: