Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին խորհրդարանական թեժ քննարկումների, ծեծկռտուքների, իշխանական պատգամավորների սադրանքների, դրանց արձագանքների ու լրագրողների հանդեպ նորարարական սահմանափակումների անտրակտի ժամանակ քննարկվեց Կառավարության հիշյալ ծրագիրը, ապա արժանացավ իշխանական խմբակցության հավանությանը, իսկ արդեն սեպտեմբերի 30-ին կառավարության հերթական նիստում հավանության արժանացավ այս ծրագրի վրա հիմնված «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
«2022-ի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ՝ չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թ.-ի համար արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից՝ կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի,- հակառակ առկա տնտեսական անորոշ ու բացասական միտումների՝ այս դրական շեշտադրումներով իր խոսքը սկսեց Նիկոլ Փաշինյանը, ապա կրկին հիշեցրեց ռեկորդների մասին,- Պիտի ուրախությամբ նշեմ, որ 2021թ. սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ. 651.141 վճարվող աշխատատեղ: Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբևէ չենք ունեցել»:
Փաշինյանը շարունակեց դրական ու գերադրական ցուցանիշների հրապարակումը՝ ընդգծելով, որ ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4 տոկոս, գնաճի ֆոնին սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 տոկոսով կամ 19 մլրդ 308 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11.9 տոկոսով կամ 23.782 դրամով, ավելի քան 20 տոկոսով աճել է արտահանումը, ընթացիկ տարում 7 տոկոսով աճել են շինարարության ծավալները:
Տնտեսագետները թերահավատորեն են վերաբերվում 2022 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթում տեղ գտած թիրախային ցուցանիշներին:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ 2022 թվականի պետական բյուջեն ճիշտ պլանավորելու համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել 2021 թվականը:
«Խնդիրն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տնտեսական բլոկը սխալ են գնահատում 2021 թվականի սոցիալ-տնտեսական տվյալները: Դրա վառ ապացույցը վարչապետի հրապարակած մի շարք թվերն են. նա մասնավորապես հայտարարեց, թե այս տարի կունենանք կանխատեսվածից բարձր տնտեսական աճ՝ այն դեպքում, երբ հունվար-սեպտեմբեր ամիսներին ունենք 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 4.8 տոկոսից ավելի քիչ՝ 4.4 տոկոս ցուցանիշը: Արտահանման պարագայում ևս սխալ ցուցանիշ հնչեցվեց, թե՝ 20 տոկոսից ավել, այն դեպքում, երբ 17.2 տոկոս է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:
Նա նաև հիշեցրեց, որ ի հեճուկս կառավարության գյուղատնտեսական ծրագրերի և բարձրագոչ հայտարարությունների՝ գյուղատնտեսության ոլորտում 1.5 տոկոս անկում կա, որն էական ազդեցություն է թողնելու գնաճի վրա՝ ինչպես այս, այնպես էլ՝ հաջորդ տարի: Այդ առումով նա պատահական չի համարում հաջորդ տարվա համար նախատեսված 5.5 տոկոս գնաճը:
Անդրադառնալով կառավարության «ռեկորդներին»՝ Սուրեն Պարսյանը մանրամասնեց. «Երբ խոսում ենք աշխատատեղերի և աշխատավարձերի աճի մասին, պետք է դա համադրենք պետական բյուջե մուտք գործող հարկերի հետ: Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, եկամտային հարկի հավաքագրումներն ավելացել են ընդամենը 900 միլիոն դրամով՝ 2.6 տոկոսով, և Փաշինյանի հայտարարած 11.9 տոկոս աշխատավարձերի աճը, մոտ 20 հազար աշխատատեղերի ավելացումը, ըստ էության, որևէ ձևով չեն ապացուցվում. հարկային մուտքերը համաչափ չեն աճել:
Ստացվում է՝ ունենք կառավարության՝ իրականությունից կտրված կանխատեսումներ, ինչի վրա փորձ է արվում պլանավորել 2022 թ. պետբյուջեն: Ակնհայտ է, որ այդ բյուջեի մասով արդեն իսկ ունենք լուրջ խնդիրներ, քանի որ սխալ ենք գնահատել մեր հնարավորությունները»:
Ի դեպ, տնտեսագետն այս բյուջեն բնութագրում է որպես «Ամուլսարի շահագործումից կախված բյուջե»՝ արձանագրելով. «Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, իրենք կկարողանան իրենց 7 տոկոսանոց տնտեսական ակտիվությունը, եկամուտների հավաքագրումն ապահովել:
Ակնհայտ է նաև, որ նույնիսկ այդ 7 տոկոսանոց ակտիվության պայմաններում` նպաստառուների, թոշակառուների, նվազագույն աշխատավարձ ստացողների, պետական պաշտոնյաներից շատերի համար կենսամակարդակը նվազելու է՝ նրանք է՛լ ավելի են աղքատանալու, քանի որ 5.5 տոկոս գնաճ է նախատեսվում՝ այն դեպքում, երբ այս խմբերի համար թոշակները, նպաստները, աշխատավարձերը գրեթե չեն ավելանալու»:
Այսինքն՝ պետբյուջեի սոցիալական հատվածի աճը չի կարող փակել այն բոլոր բացասական հետևանքները, որոնք ի հայտ են եկել վերջին տարվա ընթացքում և շարունակվելու են նաև 2022 թվականին:
Անդրադառնալով տարիներ շարունակ թերակատարվող կապիտալ ծախսերի ֆոնին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի ավելացմանը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Կառավարությունը բարձրագոչ հայտարարում է, որ կապիտալ ծախսերը 50 տոկոսով ավելացնելու է, բայց նույն հաջողությամբ կարող են հայտարարել, թե 250 տոկոսով են ավելացնում, քանի որ ինչպես այս տարի, այնպես էլ հաջորդ տարի թերակատարելու են այդ ծրագրերը. նրանք չունեն համապատասխան ինստիտուցիոնալ կարողություններ, թիմ, որով ի վիճակի կլինեն այդ կապիտալ ծախսերը ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնել:
Ճանապարահաշինության, ջրամբարաշինության և այլ ծրագրերի կատարման մասով ևս լուրջ կասկածներ կան: Ի դեպ, Ճանապարհաշինությունը, թեև վերջին տարիներին բավականին արագ տեմպերով և համեմատաբար լավ որակով է իրականացվում, այնուամենայնիվ այդ մասով կան հստակ կոռուպցիոն ռիսկեր՝ պայմանավորված մեկ անձից գնումներով: Կառավարությունն այդ գործիքը չարաշահում է. տարբեր պատճառաբանություններով, առանց մրցույթի՝ մեկ անձից գնումներ է իրականացնում»: