կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 12:46
Հասարակություն

Բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք. շուկայական արժեքը ավելի քան 600.000 դոլար է. ՊԵԿ

Բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք. շուկայական արժեքը ավելի քան 600.000 դոլար է. ՊԵԿ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի  խոշոր քանակի  մաքսանենգության  դեպք:

ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության,  Արևմտյան մաքսատուն-վարչության  և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին և վերջինիս ուղեկցող ուղեբեռը:

Հայաստան ժամանած քաղաքացու  ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ  2  փաթեթ: Դրանք թաքցված են եղել նրա  ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերված  «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի  շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել  ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին  ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 267․1 հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ :

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից շարունակվում է համապատասխան միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով: