Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնց։
Մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները: Հայտնաբերվել է 1328 հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներն, ի դեպ, հայաստանյան շուկայում վաճառվում են 600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում: Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Հատկանշական է, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ Հայաստանի Հանրապետության տարածք: Նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:
Դեպքի առնչությամբ կատարված նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։