Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, հետեւողական պայքար մղելով թմրամիջոցների մաքսանենգության եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ, կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ներկրման հերթական դեպքը` խափանելով ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգության առավել վտանգավորություն ներկայացնող կայուն ուղի:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Լ.Ս.-ն Մեղրիի հատվածում մոտեցել է հայ-իրանական սահմանագծին եւ հայկական կողմում իրեն նախապես սպասող ՀՀ քաղաքացիներ Գ.Հ.-ի եւ Է.Հ.-ի ուղղությամբ` ինժեներա-տեխնիկական կառույցների փշալարերի վրայով, նետել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցով 2 փաթեթ:
Փաթեթները վերցնելով՝ ՀՀ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով փորձել են դրանք տեղափոխել, սակայն բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների մաքսանենգություն») եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով»), նշված ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են:
Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» տեսակի թմրամիջոցի արժեքը «սեւ շուկայում» կարող է կազմել շուրջ 70 մլն դրամ։
Ընթանում է նախաքննություն։