կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-11 09:12
Առանց Կատեգորիա

Թորոսյանն ինքնաառաջադրվել էր փոխվարչապետի պաշտոնի համար․ ինչ է ասել Փաշինյանը․«Ժողովուրդ»

 Թորոսյանն ինքնաառաջադրվել էր փոխվարչապետի պաշտոնի համար․ ինչ է ասել Փաշինյանը․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սուրեն Պապիկյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնում մի քանի թեկնածուի են դիտարկել, այդ թվում նաև՝ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանին, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր։ Փաշինյանի ընտրությունն ի վերջո Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի վրա էր կանգ առել։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ քննարկվելիս է եղել փոխվարչապետի հարցը, առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ինքնաառաջադրվել է։

Տեսնելով, որ որևէ մեկն իրեն չի առաջադրում, ինքն է դա արել, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե նրան այլևս չի տեսնում գործադիրում: Եղելության մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նարեկ Բաբայանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ. «Եթե ինչ-որ մեկը Ձեզ նման տեղեկություն է տրամադրել, ապա այդտեղ կրիմինալ չկա, և ոչ մի բան չկա։ Եթե ինչ-որ մեկը հրապարակում է նման տեղեկություն, թող բաց ասի և ինքը պատասխանատվություն կրի իր ասածի համար: Իսկ թե ինչ ենք քննարկել, կներեք, ես այդ հանգամանքները չպետք է Ձեզ բացահայտեմ»,- մանրամասնեց Բաբայանը՝ ըստ երևույթին չհերքելով, ավելին՝ հաստատելով Թորոսյանի ինքնաառաջադրման հանգամանքը։

Պարոն Բաբայանին, փաստորեն, զարմացրել է այն, որ իրենց գաղտնի համարվող նիստերից մեզ տեղեկություններ են հասնում, բայց զարմանալիորեն չի զարմացրել գործընկերոջ՝ Թորոսյանի ինքնաառաջադրման հանգամանքը։ Վերջինս, ըստ երևույթին, որևէ կերպ չի համակերպվում զբաղեցրած պաշտոնից՝ նախարար լինելուց միանգամից գահավիժելու ու պատգամավորական աթոռ զբաղեցնելու հանգամանքին ու առիթը բաց չթողնելով՝ փորձում է պաշտոնի նոր «լեւլներ» սահմանել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում