կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-15 08:05
Քաղաքական

Կատաղի պայքար՝ փոխվարչապետի պաշտոնի համար. «Հայկական ժամանակ»

Կատաղի պայքար՝ փոխվարչապետի պաշտոնի համար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին լուրերի ֆոնին կառավարության ներսում կատաղի պայքար է ընթանում փոխվարչապետի պաշտոնի համար։ Այս պահին հիմնական հավակնորդը, ասում են, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է։ Ասում են՝ Բեգլարյանը կարծում է, որ սա կլինի շատ թե քիչ արժանի փոխհատուցում՝ իրեն Երեւանի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու համար, մի բան, որ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կազմակերպած PR արշավի հետեւանքով։

 

Այսուհանդերձ, փոխվարչապետի պաշտոնն ստանձնելու հավակնություններ ունի նաեւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նրա թեկնածությանը, սակայն, դեմ է Հովիկ Աբրահամյանը, որովհետեւ կարծում է, որ ֆինանսների նախարարն առանց այն էլ սուպերկառույցի գլխին է կանգնած, իսկ դառնալով փոխվարչապետ՝ կդառնա վարչապետին հավասար ազդեցություն ունեցող։ Հովիկ Աբրահամյանի թեկնածուն, ասում են, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է։

 

Վերջնական որոշումը, սակայն, պետք է կայացնի Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք նաեւ, որ փոխվարչապետ նշանակվում է նախարարներից որեւէ մեկը, եւ այդպիսի առանձին պաշտոն գոյություն չունի»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: