կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 16:37
Քաղաքական

Անընդունելի է հապճեպ իրականացնել սահմանագծում և սահմանազատում ու հարված տակ դնել Արցախի ճակատագիրը․ Սեյրան Օհանյան

Մեկ տարվա փորձը ցույց է տալիս, որ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանն իր պարտավորվածությունները չի կատարում, դեռ ավելին՝ սադրանքներ է իրականացնում Հայաստանի սահմանին, այդ սադրանքները խարխլում են խաղաղության այն վիճակը, որի մասին մենք մտածել էինք: Այս պայմաններում հապճեպ իրականացնել սահմանագծում և սահմանազատում ու հարված տակ դնել Արցախի ճակատագիրը՝ անընդունելի է․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.

«Սա անթույլատրելի է, մենք խաղաղությանը, սահմանագծմանը և սահմանազատմանը դեմ չենք, բայց դրա համար պայմաններ պետք է լինեն»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանը նաև  հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունը, թե 2016 թվականին էլ հայտնի էր, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս բերելու որևէ հնարավորություն չկա, և արձագանքեց Նիկոլ Փաշինյանին․ «Այդ դեպքում ինչո՞ւ էիք 2018 թվականին պնդում, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» ու մնացած բոլոր այն միջոցառումները, որ իրականացվել են Արցախի տարածքում։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ գրավոր ու բանավոր համաձայնությունների միջև կան տարբերություններ»:

Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց՝ սահմանագծման և սահմանազատման հարցում գործողությունները չպետք է խախտեն Արցախի ինքնիշխությունը և Արցախի բնակիչների՝ իրենց պատմական տարածքում ապրելու իրավունքը:

Մանրամասն՝ տեսանյութում։