կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 22:45
Հասարակություն

Հայհոյել և հարվածներ են հասցրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժանմունքի պետին. ՔԿ

Հայհոյել և հարվածներ են հասցրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժանմունքի պետին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի 50-ամյա բնակչի և նրա որդու կողմից կատարված խուլիգանության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 28-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 50-ամյա տղամարդը գնացել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունք՝ իր վերաբերյալ հարուցված վարույթների վերաբերյալ տեղեկություններ ստանալու: Հարկադիր կատարողները նրան ուղղորդել են արագ սպասարկման սենյակ՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ավելի արագ ստանալու նկատառումով: Այնուհետև վերջինս, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, սկսել է հայհոյանքներ հնչեցնել հարկադիր կատարողների հասցեին, որից հետո վերջիններս բաժանմունքից դուրս են հրավիրել նրան:

Նշված միջադեպից երկու օր հետո՝ հուլիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 50-ամյա տղամարդը, նրա որդին, եղբայրը և փեսան մտել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերոնշյալ բաժանմունք, որտեղ 50-ամյա տղամարդը և որդին, դրսևորելով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք, հայհոյել և հարվածներ են հասցրել բաժանմունքի պետի մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև հասկանալով, որ բաժանմունքի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն՝ դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկդելու միջնորդությամբ, որղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: