կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-29 16:47
Աշխարհ

ԱՀԿ-ն նախազգուշացնում է կորոնավիրուսով հիվանդներին

ԱՀԿ-ն նախազգուշացնում է կորոնավիրուսով հիվանդներին

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ նոր՝ օմիկրոն շտամի հետ շփվելիս արդեն COVID-ով վարակվածների կրկնակի վարակման ռիսկը մեծանում է։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Միաժամանակ, ԱՀԿ-ն ընդգծել է, որ դեռևս չկան բավարար քանակությամբ տվյալներ, որոնք հաստատում են տեղեկությունը, որ օմիկրոնն ավելի վտանգավոր է, քան դելտան։ «Դեռևս պարզ չէ, թե արդյոք օմիկրոնն ավելի հեշտ է փոխանցվում, օրինակ՝ մարդուց մարդուն, համեմատած այլ տարբերակների, այդ թվում՝ դելտա տարբերակի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՀԿ-ն նշում է, որ Հարավային Աֆրիկայում, որտեղ գրանցվել է նոր շտամի բռնկում, կորոնավիրուսի թեստի դրական արդյունքով մարդկանց թիվն աճել է, սակայն համաճարակաբանական ուսումնասիրությունները շարունակվում են՝ պարզելու համար, թե արդյոք՞ դա պայմանավորված է օմիկրոնով, թե՞ ոչ:

ԱՀԿ-ի փորձագետների կարծիքով՝ նաև անհասկանալի է մնում՝ արդյո՞ք օմիկրոնի շտամը հանգեցնում է հիվանդության ավելի ծանր ընթացքի՝ համեմատած վարակի այլ մուտացիաների, այդ թվում՝ դելտայի հետ:

Նաև դեռևս տեղեկություններ չկան, որ օմիկրոնով վարակվելու ախտանշանները տարբերվում են այլ շտամներով վարակվելու ախտանշաններից։ «Օմիկրոն տարբերակի բարդությունը հասկանալու համար կպահանջվի մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ»,- ասվում է հայտարարության մեջ: