Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն ու Ադրբեջանը եթե սահմանազատման աշխատանքները վերջացնեն, ստորագրեն, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումից դուրս է մղվելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, ԱԱԾ պահեստազոր սպաների միության անդամ Արմեն Աբրահամյանը։
«Այսինքն, եթե մենք ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մենք Լեռնային Ղարաբաղի հարցը չենք կարող քննարկել, Ղարաբաղը անկլավային վիճակում կմնա Ադրբեջանի կազմում՝ կդառնա Ադրբեջանի ներքին հարց, ուղղակի չեն թողնի այդ հարցին մոտենանք»,-ասաց ԱԱԾ սպան։
Դեմարկացիայի փաստաթուղթը միջազգային, միջպետական իրավական շատ լուրջ փաստաթուղթ է, ընդգծեց Արմեն Աբրահամյանը, դա ստորագրելուց հետո՝ երբ դու ճանաչում ես այդ սահմանները, դու իրավունք չունես Ադրբեջանի ներսում ինչ-որ անկլավային վիճակում գտնվող ինչ-որ մի կազմավորման հարցերով զբաղվել։
«Դա 100 տոկոս։ Այսօր Ադրբեջանի համար կարևոր այդ ճանապարհները, միջանցքը և այլն, այդ հարցերն այդքան ակտուալ չեն, ինչքան այս դեմարկացիայի հարցերն են։ Եվ սահմանում այս իրադրությունը որ ստեղծվել է՝ անընդհատ այս ներխուժումները և այլն, ճնշում է, որպեսզի մերոնք գնան այդ զիջումներին»,-վստահ է Արմեն Աբրահամյանը։
Այս պատճառով էլ նա համարում է, որ մենք այսօր այսպես թուլացած վիճակում, վերջին պատերազմից հետո քայքայված վիճակում չպիտի գնանք այդպիսի լուրջ հարցեր լուծելու, քանի որ պիտի ուժեղ լինենք, որ կարողանանք մեր կամքը թելադրել հակառակորդին։ Դրա համար չպիտի գնանք, պիտի գնանք մեր բանակը վերականգնելուն, ուժեղացնելուն, որպեսզի կարողանանք մեր նպատակներին հասնել։
«Ու այսօր մեր երկրի իշխանությունը, ոնց որ նախկինում ասում էր՝ Արցախի հարցը չլինի՝ Հայաստանում լավ կապրեն բոլորը, զոհեր չենք ունենա, մենք տեսանք ինչ եղավ՝ Արցախն այսօր համարյա կարելի է ասել չկա, բայց հասել են Հայաստանի սահմանները․ նորից զոհեր, գերիներ անորոշ իրավիճակ։ Հիմա էլ ասում են՝ սահմանները որ ճշտեն՝ պրոբլեմներ չի լինի․ ես ասում եմ՝ դա հատուկ է արվում Ադրբեջանի կողմից, որպեսզի մերոնք գնան այդ քայլին և դրանով Ղարաբաղի հարցը փակվի»,-համոզված է պահեստազորի սպան։
Փաշինյանի հայտարարությունը՝ իբրև թե միլիմետրի ճշտությամբ գիտի Հայաստանի սահմանները, Արմեն Աբրահամյանի խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում։
«Դելիմիտացիան անելուց հետո անում են դեմարկացիա, դրանից հետո արդեն անցնում են սահմանը կահավորելուն, երկկողմանի սահմանային նշանները տեղադրելուց հետո նոր կարող ես այդպիսի հայտարարություն անել։ Իսկ սահմանային նշանները մենք ունենք տեղադրած հայ-թուրքական, հայ-իրանական սահմանին, որը Սովետական Միությունն է անցկացրել և տեղադրել այդ նշանները»,-ասաց նա։
Բարոյական ի՞նչ իրավունք ունենք մենք միջանցքներից կամ կոմունիկացիաների բացումից խոսելու, երբ ամեն օր մարդ են խփում, մարդ են գերեվարում, տարածք են գրավում՝ նկատեց Արմեն Աբրահամյանը։ Այս պայմաններում, նրա համոզմամբ, մենք իրավունք չունենք սահմանազատման մասին հարցերը քննարկելու։
«Սահմանազատման գնալու համար կայունություն է պետք, միջպետական հարաբերություններ են պետք տվյալ պետության հետ, իրար հետ նորմալ հարաբերություններ պիտի ստեղծվեն, որ կարողանաս այդ աշխատանքները կատարել։ Սահմանների ճշտման հարցերը փոխզիջումային աշխատանք է՝ երկար պրոցես է և փոխզիջումային աշխատանք է, շատ նորմալ բարիդրացիական հարաբերություններ պիտի ունենաս։ Միջնորդ պետությունը չի կարող ոչ մի բան անել, միջնորդները կարող են ուղղակի ստիպողաբար արագացնել այդ հարցը»,-ասաց նա։
Պահեստազորի սպայի համոզմամբ՝ եթե արագ կատարեցին այդ գործը, ուրեմն կողմերից մեկը գնացել է մեծ զիջումների։
«Ա՛յ, վտանգը դրա մեջ եմ տեսնում։ Որ մենք ասում ենք՝ պետք է բարիդացիական հարաբերություններ ունենանք, նոր անենք այդ աշխատանքը, ասում են՝ ռուսական կողմը մեզ կօգնի այդ հարցում։ Ռուսական կողմի միջնորդությամբ եթե արագ գնանք, ես որպես փորձ ունեցող մարդ եմ ասում, ես գիտեմ, եթե արագացրած գնան, ուրեմն կողմերց մեկը գնում է ուժեղ զիջումների։ Տարածքներ կարող ենք կորցնել, կոմունիկացիաներ կորցնենք և այլն»,-ասաց Արմեն Աբրահամյանը։
Նա նաև ընդգծեց՝ ճանապարհներ կամ միջանցք բացելու համար ադրբեջանցիները պիտի հետ քաշվեն իրենց գրաված տարածքներից, կրակոցները պիտի լրիվ ավարտվեն՝ նորմալ, խաղաղ պայմաններ պիտի լինեն։
Նաև ադրբեջանցիները մեր կոմունիկացիաներից դուրս պիտի գան՝ Գորիս-Կապան ճանապարհից հետ պիտի քաշվեն։
«Ի՞նչ է նշանակում՝ գան, մեր ճանապարհների վրա նստեն, ճնշեն, մենք էլ իրենց հետ գնանք՝ ինչ-որ միջանցքներից խոսենք, սահմանազատումից խոսենք՝ անհնարին բաներ են դրանք»,-համոզված է ԱԱԾ պահեստազորի սպա Արմեն Աբրահամյանը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․