կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-18 16:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես հաշվետու եմ ավագանուն, ոչ թե մարզպետարանին կամ կառավարութայնը. Ախուրյանի ղեկավարի թեկնածու

Շիրակի մարզը բնական աղետների տարածաշրջան է, կարկտահարությունները շատ են եւ ամեն տարի գյուղացին լուրջ խնդիրների առջև է կանգնում: Այս առումով մենք շատ լուրջ ծրագեր ունենք իրականացնելու. Yerkir.am-ին ասում է Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող «Ախուրյան» դաշինքի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորող Արծրուն Իգիթյանը: Նա 25 տարի Ախուրյան համայնքի գյուղապետն է եղել, վստահ է՝ հաղթանակն իրենցն է լինելու:  

Ախուրյանի ընտրությունները տեղի են ունենալու սույն թվականի դեկտեմբերի 5-ին: Ընտրապայքարի են դուրս եկել  «Հաղթանակ», «Ախուրյան», «Իկիլիկյան» դաշինքները եւ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը:

«Լուրջ հնարավորություններ ունեմ առաջատարը լինելու: Ախուրյան գյուղը 7 հազար ընտրող ունի։ Բացի դրանից՝ իմ աշխատանքային գործունեության ընթացում կարողացել եմ 33 բնակավայրերի հետ աշխատել: Բոլորն ինձ շատ լավ են ճանաչում: Ես միշտ առաջնորդվել եմ համայնքի խնդիրներով, բնակչի հոգսերով, քաղաքականության մեջ մտնելը երկրորդական է եղել: Բոլոր կուսակցությունների, քաղաքական ուժերի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ»,- ասում է նա:

Իգիթյանը շեշտում է՝ փնջային խոշորացման հետեւանքով համայնքներում գործը բարդացել է: Այս իշխանությունները փոշիացրել են նախկինում մշակված բոլոր ծրագրերը: 

«Խոշորացման վերաբերյալ դեռեւս շատ վաղուց քննարկումներ են եղել, ես ակտիվ մասնակցում էի: Կոնկրետ հայեցակարգով պետք է լիներ խոշորացումը, սակայն այդ հայեցակարգը դրվեց մի կողմ, եւ սկսեց իրականացվել՝ անձնավորված, տարբեր եղանակներով, նպատակահարմարությամբ,  որի պատճառով այսօր բախվել ենք լուրջ խնդիրների: Կայացած խոշորացված համայնքները կրկին մտցրին խոշորացման տակ: Առանձին գյուղերին հատկացվող ֆինանսները հիմա կենտրոնանում են մի տեղ: Այսպիսի խոշորացման դեպքում պետությունը պետք է լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերեր, որը չկա»,- իր մտահոգություններ է հայտնում Իգիթյանը:

Խոսելով «Ախուրյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակում ընդգրկված գործիչների մասին՝ նշում է, որ բոլորը կիրթ, տարբեր մասնագիտությունների տեր անձինք են՝ սոցիալական ոլորտի, կրթական, մշակութային, մեծ է նաեւ կանանց ընդգրկվածությունը:

«Աշխատել ենք բոլոր ոլորտներից մասնագետներ ունենալ: Կանանց ընդգրկվածությունը եւս բավականին մեծ է, հուսամ՝ նորմալ ավագանի կձեւավովի, որը լուրջ աշխտանք կտանի համայնքի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ»,- հավելում է Իգիթյանը։

Անդրադառնալով Շիրակի մարզում տեղի ունեցած նախորդ ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ իշխանությանը միանալու որոշմանը՝ Իգիթյանն ընդգծում է՝ Բալասանյանի միացումը ՔՊ-ին ժողովրդի դրական արձագանքը չի ստացել:  «ՏԻՄ ընտրությունները քիչ են քաղաքականացված: Ընտրողների համար բացառապես  կարեւոր է, թե ով է լինելու իրենց համայնքի ղեկավարը: Համայնքային ընտրություններն անձնավորված են: Գյուղական բնակավայրերը տարբերվում են քաղաքային բնակավայրերից՝ մտածելակերպի, մոտեցումների առումով»,- ասում է նա:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՔՊ նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մարզպետ դառնալու իրողությանը, պատասխանում է՝ իրեն չի հետաքրքրում, թե ով է մարզպետը․ այս ընթացքում 12 մարզպետ են փոխել, ոմանց հետ նորմալ համագործակցություն է եղել, ոմանց հետ՝ ոչ:

«Ես կարող եմ անգամ մարզպետարան չգնալ՝ ավագանու որոշումներն ուղարկել եւ մարզխորհրդի նիստերին մասնակցել, ու վերջ: Ես հաշվետու եմ ավագանուն, ոչ թե մարզպետարանին կամ կառավարությանը»,- ընդգծում է Իգիթյանը:

Երկրի սահմանային եւ ներքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված, ըստ նրա, համայնքի ղեկավարը պետք է կարողանա ժողովրդին համախմբել իր, հայրենանվեր գաղափարների շուրջը։ «Բոլորս զինվորն ենք մեր երկրի, եւ ամեն ինչ անելու ենք՝ մեր երկիրի բարօրության համար»,- շեշտում է Արծրուն Իգիթյանը: