կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-17 16:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Փաշինյանի «գոյությունը» սկսվել է Շիրակի մարզից եւ կավարտվի այստեղով. Ախուրյանի ղեկավարի թեկնածու

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքը դեկտեմբերի 5-ին պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների: Ախուրյանի համար ընտրապայքարի են դուրս եկել  «Հաղթանակ», «Ախուրյան», «Իկիլիկյան» դաշինքները եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:  «Հաղթանակ» դաշինքի ավագանու ընտրացուցակի առաջին համարը՝ Կարեն Արշակյանը, Yerkir.am-ի հետ զրույցում գնահատելով հաղթանակի՝ իրենց շանսերը, շեշտում է՝ դաշինքի անունը պատահական չի ընտրված, դաշինքում ընդգրկվածները հաղթանակի սովոր, ուժեղ, կռված տղաներ են, մասնակցել են ե՛ւ ապրիլյանին, ե՛ւ 2020թ. Պատերազմին։ «Այս ընտրություններին էլ են նշելու իրենց հաղթանակը»,- վստահեցնում է նա:

Հարցին՝ երկրի ներքաղաքական ու սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ ՔՊ թեկնածուն հաղթանակի ի՞նչ շանսեր ունի, Արշակյանը պատասխանում է՝  Փաշինյանի քաղաքական գոյությունն ավարտվելու է հենց Շիրակի մարզում՝ որտեղից սկսվել է:

«Այն, ինչ սկիզբ է առել Շիրակի մարզից, վերջ կունենա հենց այստեղ: Այս ընտրություններում մեր թիմը, մեր ընկերները հաղթանակ են: Հուսով եմ՝ ժողովուրդը կկատարի ճիշտ ընտրություն եւ հերթական անգամ չի խաբվի այս իշխանության կողմից»,- ասում է նա:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որն, ընտրություններից հետո միանալով Փաշինյանին, փաստացի խաբեց իր ընտրողներին, Արշակյանը նշում է, որ գյումրեցիները շատ վատ են ընդունել Բալասանյանի այս որոշումը. ովքեր ընտրել էին Բալասանյանին, եւս մեկ անգամ հուսախաբվեցին:

Արշակյանը վստահեցնում է՝ «Հաղթանակ» դաշինքի ընտրողը հուսախաբվելու առիթ հաստատ չի ունենա: «Ընտրողների շատ մեծ տոկոսային հարաբերությամբ հաղթանակ ենք տանելու եւ ճիշտ ընտրված ավագանիներով, տարածաշրջանով մտահոգված մարդկանցով Ախուրյանը ոտքի ենք հանելու»,- ասում է նա:

ՏԻՄ ընտրություններին մասնակցող խոշորացված համայնքների ղեկավարները, քաղաքական կուսակցությունները նշում են, որ այս ընտրությունները օրվա իշխանությանը հեռացնելու հնարավորություն են: Արշակյանն էլ է կիսում նրանց կարծիքը: «Միանշանակ, այդպես է: Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում մեր սահմաններին: Մենք ճիշտ ուղղություն ենք ցույց տալու մեր ընտրողին, որպեսզի հերթական անգամ իրենց խաբված չզգա»,-ընդգծում է նա:

Արշակյանին անհանգստացնում են սահմանային իրավիճակը եւ այս իշխանության թուրքամետ քաղաքականությունը:

«Խոր ցավ եմ ապրել՝ տեսնելով, թե ինչպես են ադրբեջանցիները մոտենում մեր զինվորներին: Ես էլ եմ մասնակցել պատերազմների, բայց այսքան նվաստացած վիճակ մենք չենք տեսել: Հպարտություն, վեհություն ենք ունեցել: Մեր զինվորները պաշտպանված չեն, կառավարության կողմից ոչինչ չի արվում: Ինչո՞ւ պետք է մեր զինվորը, մեր սահմանները այսօր այս վիճակում հայտնվեին: Շիրակի մարզում նախկինում թուրքեր են ապրել՝ մոտ 70 տարի, անգամ գերեզմաններ ունեն, ուրեմն պիտի վաղը թուրքերը պահանջնե՞ր ներկայացնեն, մերոնք էլ Ամասիայի տարածաշրջանից մինչեւ Մասիս թուրքեր լցնեն ու հանդուրժե՞ն, ինչպես հիմա կատարվում է Սյունիքում»,-նշում է նա:

Արշակյանն իր մտահոգություններ է հայտնում նաեւ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ այդ փնջային տարբերակին դեմ է արտահայտվել: Խոշորացումից հետո արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, ըստ նրա՝ գյուղական բնակավայրերը համաչափ չեն զարգանալու:

«Երբ առաջին խոշորացումը եղավ, մոտ մեկ տարի տարածաշրջանում խնդիրների ուսումնասիրություններ կատարեցինք: Արձանագրեցինք, որ առանց ուսումնասիրելու նախկինում խոշորացման տակ ընկած համայնքների խնդիրները, այսօր արդեն միավորվում են եւս 31 համայնք: Բնակիչներն էլ, համայնքապետերն էլ դեմ են խոշորացմանը, որովհետեւ մոտ երկու տարի մեր բնակավայրերը «սառելու» են, ծրագրեր չեն իրականացվելու: Տարիներ են պետք, որ ամեն համայնքի համար զարգացման ծրագիր մշակվի»,-ասում է նա՝ հավելելով, որ փնջային խոշորացումը գլխացավանք է  դառնալու ե´ւ համայնքապետերի, ե´ւ ժողովրդի համար: Արշակյանը կարծում է, որ այս քայլով իշխանությունը նպատակ ունի ազատվելու նախկին համայնքապետերից:

«Մեծ մտահոգություն կա մեր կողմից՝ ո՞վ կընտրվի եւ ինչպիսի՞ մարտավարություն կմշակի բնակավայրերի զարգացման համար: «Հաղթանակ» դաշինքը առաջադրվել է, որպեսզի շարունակի կիսատ թողած աշխատանքն ու ծրագրերը: Ցանկացած հարց, որ կբարձրացվի մեր բնակիչների կողմ,ից պիտի ունենա իր լուծումը»,- շեշտում է Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լ.Ս.