Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը. Քրգործի նյութերն ուղարկվել են Գյանջայի (Գանձակ) ծանր հանցագործությունների դատարան։
ՀՀ երկու քաղաքացիներին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք կիրառվող առարկաների գործադրմամբ)։
Եվրադատարանում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դատական գործընթացներին՝ շեշտեց. «Այդ դատական պրոցեսները ֆարս են, դրանք բեմականացում են, և առոչինչ են այդ դատական ակտերը»:
Իրավապաշտպանը վստահեցրեց նաև, որ գերիների վերադարձի ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվում իրավական, քաղաքական, լոբբիստական, դիվանագիտական ասպարեզներում: Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ պետությունը բավարար աշխատանք կատարում է այդ ուղղությամբ:
Հարցին՝ արդեն աշխատանքներ մեկնարկե՞լ են նաև երեկ գերեվարված հայ զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ, նա պատասխանեց.
«Իհարկե, իրավական, քաղաքական պրոցեսներ մեկնարկել են. դրա մեջ նաև ներգրավված ենք մենք (նկատի ունի իրավապաշտպաններին, որոնք զբաղվում են պատերազմում գերեվարված անձանց հարցերով)»:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն առավոտյան տեղեկացրել էր, որ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
«Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ»,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրը՝ 168.am