կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 17:42
Քաղաքական

Ընդդիմության մանդատները վար դնելը ուղղակի հարված կլինի մեր ժողովրդին, Փաշինյանը կազատվի գլխացավանքից․ Գեղամ Նազարյան

Ընդդիմության մանդատները վար դնելը ուղղակի հարված կլինի մեր ժողովրդին, Փաշինյանը կազատվի գլխացավանքից․ Գեղամ Նազարյան

Առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանը առաջ է ընկնում բոլորից՝ մասնագետներից, քաղաքական գործիչներից, և մինչև սահմանազատում-սահմանագծում անելը հայտարարում, որ ասենք, Շուռուխում ադրբեջանցիներն իրենց տարածքում են, Ճակատենում իրենց տարածքում են և այլն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում մտահոգություն հայտնեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա բոլորին կոչ արեց վերցնել Խորհրդային Միությունում տպագրված 1987 թ-ի Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության քարտեզը, և ուշադիր նայել՝ Կապան-Ճակատեն ճանապարհը Հայաստանո՞ւմ է, թե՞ Ադրբեջանում, և կտեսնեն, որ ամբողջ ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով։

«Այսպես այնքան շեշտեց, մինչև Ալիևը, դիմելով երրորդ երկրներին, ասում է՝ դուք ի՞նչ եք ուզում մեզանից, երբ Հայաստանի վարչապետն ինքն է ասում, որ մենք մեր տարածքում ենք գտնվում։ Այսպես շարունակվելու դեպքում ասելու է, որ ադրբեջանցիները Սոթք-Խոզնավար հատվածում իրենց տարածքում են, Ջերմուկում իրենց տարածքում են․ սա հանցագործություն է, հանցագործություն հայ ժողովրդի ու Հայաստան պետության նկատմամբ, այստեղ այլ կարծիք լինել չի կարող»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Իր այս քայլերով, այս արկածախնդիր պահվածքով Փաշինյանը մեզ լավ տեղ չի տանում՝ համոզված է պատգամավորը, ասում է՝ նա իրավունք չունի նման հայտարարություններ անելու։

Ինչ վերաբերում է, թե արդյո՞ք Խորհրդային Հայաստանի սահմանը կարող է հիմք լինել հայ-ադրբեջանական պետական սահմանը գծելու համար, Գեղամ Նազարյանն ասաց՝ սահմաների հիմքն այն է, որտեղ գնվում է հայ զինվորը, զինվորը որտեղ կանգնած է՝ սահմանն այդտեղով է անցնելու։

«Քարտեզը արդեն կարող է ուղղակի ուղղորդիչ նշանակություն ունենալ, իսկ կարևորը զբաղեցրած դիրքերն են, դրա համար էլ ադրբեջանցիները շտապում են ժամ առաջ ավելի բարձր, ավելի կարևոր ճանապարհների վրա հայտնվել, ու ցավն ու սարսափն էլ այն է, որ այս կառավարությունն էլ ոնց որ իրենց ծափին ծափ է տալիս՝ անդադար պնդելով, որ ադրբեջանցիները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Ցինիկաբար էլի, տենց նույնիսկ Ադրբեջանի դեսպանը ՄԱԿ-ում չէր պաշտպանի այդ դիրքորոշումը»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Երբ տեսնում է հայ դիրքապահներին, որոնք, չկրակելու հրամանի պատճառով, անօգնական վիճակում են հայտնվում ադրբեջանցի զինծառայողների դիմաց, ցավ է ապրում, որ հայ զինվորին՝ հայ տղային վախկոտ համանատարը՝ նկատի ունի վարչապետը, այդ վիճակի մեջ է դնում, ի՞նչ անեն տղերքը, զինվորն ի՞նչ անի, եթե նման հրամաններ է ստանում։

«Նիկոլը սպառնալիք է և՛ մեր բանակին, և՛ առողջապահական համակարգին, և՛ կրթությանը, և՛ եկեղեցուն, ամեն ինչին՝ ինչ աչքի առաջ է, ինքը տեղով սպառնալիք է»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանին Սուրեն Պապիկյանով փոխարինելու հարցում ենթադրությունների մեջ ընկնել չի ուզում, բայց վստահ է, որ դա վտանգավոր, շատ վտանգավոր քայլ է, երբ Փաշինյանը ակնհայտորեն ատամներ է ցույց տալիս Ռուսաստանին իր պահվածքով։

«Այս վերջին օրերին տեղի ունեցողը հետևանք է նրա, որ ինքը նորից ուզում է միջազգային մասշտաբով «խաղեր տալ», դրա հետևանքներն էլ պարզ են՝ ինքն ինչքան մնաց, մի պրոբլեմ լինելու է, միշտ ցավեր նորանոր ավելանալու են»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Կոչերը, թե ԱԺ ընդդիմադիր ուժերը լավ կլինի մանդատները վար դնեն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը համարում է ուղղակի հարված մեր ժողովրդին։ Նա վստահ է, որ մանդատները վար դնելով՝ ընդդիմադիրները կերջանկացնեն միայն մի հոգու՝ նա ազատվի պրոբլեմից։ Գեղամ Նազարյանը դա անընդունելի է համարում, կարծում է՝ դա պիտի վերջին հուսահատության քայլը լինի։

Աննա Բալյան