կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-29 01:51
Առանց Կատեգորիա

Մի գլխացավանքից մյուսի մեջ

Մի գլխացավանքից մյուսի մեջ

Տիգրան Մեծ փողոցի, այսպես կոչված` «Ֆիրդուսի» տոնավաճառի մոտից ուղեւոր վերցնելու համար երթուղայինների վարորդներն այլեւս չեն տուգանվի. վերջապես լսելի է դարձել վարորդների եւ ուղեւորների խնդրանքը, եւ կանգառ է տեղադրվել վերոնշյալ հատվածում:

 

«Ախր, մի կանգառը Գ. Լուսավորիչ եկեղեցու մոտ էր, մյուսը` Ամիրյան-Զաքյան խաչմերուկում: Դե, արի էս տարիքիս այդքան քայլի»,-ասաց 71-ամյա Նարե Գալստյանը:

 

«Ճիշտ է, փողոցը նեղ է եւ այնքան էլ հարմար չէ կանգնելու համար, հատկապես` առաջին գծից երկրորդ մտնելու, բայց մարդիկ ճիշտ են` շատ է հեռու մի կանգառից մյուսն ընկած տարածությունը»,- նշեց 1-ին համարի ավտոբուսի վարորդներից մեկը:

 

Բայց արի ու տես, որ մի գլխացավանքից ազատվում, մյուսի մեջ ես ընկնում. անհայտ պատկանելության ավտոմեքենաները գալիս ու հենց կանգառի համար հատկացված տեղում ժամանակավոր կանգառ անում:

 

Արդեն մեկ շաբաթ է, ինչ գործում է կանգառը, բայց վարորդները բողոքում են, որ մեքենաները գրավել են կանգառը եւ ստիպված, խախտում կատարելով, երկրորդ գծից են ուղեւորներ վերցնում:

 

Մարդիկ էլ գժգոհում են. «Ինչ է` կյանքս պետք է վտանգի ենթարկեմ, որ աշխատանքի հասնեմ: Ո՞ւր են մեր օրինապաշտ ոստիկանները, որ ամեն քայլափոխի տուգանում են ու տուգանում»:

 

Զրուցեցինք կանգառ «ներխուժած» մեքենաներից մեկի «բոյով-բուսաթով» վարորդի հետ, ով պնդեց, որ մեղավոր չէ` կանգնելու այլ տեղ չկա:

 

«Քուրս, ո՞ւր կանգնեմ, սաղ տեղերը զանիտ են, ես էլ պիտի մի 10 րոպեով խանութ մտնեմ: Ի՞նչ անեմ` դու ասա»,- ասաց օրինազանց վարորդը:

 

Հարցին, թե չի՞ վախենում, որ ոստիկանը կնկատի ու կտուգանի, վերջինս պատասխանեց, որ կանգառը նոր է, շատերի ուշադրությունը չի էլ գրավում, ոստիկանների մեծ մասն էլ չգիտի, որ այդտեղ կանգառ կա:

 

Նշենք, որ կանգառն իր գոյության մասին տեղյակ է պահում բոլորին` կանգառի համար սահմանված նշանով եւ սահմանագծով, որը տեսնելու համար անհրաժեշտ է մտնել կանգառի տարածքը զբաղեցրած մեքենաների անիվների տակ: